Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը: Նա նշեց, որ կուսակցությունն արհեստական խոչընդոտների հետեւանքով չի կարողանա մասնակցել ընտրություններին:

«Արհեստական խոչընդոտների պատճառով ՍԴՀԿ-ն չի կարողանալու մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց լինելու ենք արտախորհրդարանական ուժ, պայքարելու ենք: Մենք դուրս մնացինք զուտ տեխնիկական խոչընդոտների պատճառով: Բայց, ոչ մի արհեստական խոչընդոտ չի կարող մեզ հետ կանգնեցնել մեր նպատակներից, մենք շարունակելու ենք մեր պայքարը»,-ասաց նա:

Նարեկ Գալստյանը նշեց, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՍԴՀԿ-ն դադարեցնում է քննարկումները Գագիկ Ծառուկյանի հետ։

Իր հերթին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ նշել էր, որ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում ՍԴՀԿ-ի հետ դաշինքային համագործակցությունը, քանի որ առկա են ՍԴՀԿ-Վերակազմյալ ՍԴՀԿ հակասություններ ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումներ: