Մոբիլ տեխնոլոգիաների շնորհիվ հիմա մարդիկ կարող են աշխատել իրենց աշխատավայրերի սահմաններից դուրս։ Աշխատանքային նոր իրողության առավելություններն ու թերություններն են փորձել պարզել Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետները։ Նրանք վերլուծել են իրավիճակը աշխարհի 15 երկրներում՝ ԵՄ տասը անդամ երկրներում, նաեւ Արգենտինայում, Բրազիլիայում, Ճապոնիայում, Հնդկաստանում ու ԱՄՆ-ում։
Եվրոպական երկրներում աշխատողների առնվազն 17 տոկոսը տանից է աշխատում։ Պարզվել է, որ Ֆինլանդիայում, Ճապոնիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում ու ԱՄՆ-ում նման աշխատողների քանակը շատ բարձր է։ Ֆրանսիայում խոշոր ընկերություններում նման պրակտիկա դեռ ընդունված չէ։ Իսկ Հունգարիայում աշխատողների միայն մեկ տոկոսն է տանից աշխատում։
Տնից աշխատելու առավելություններից են տրանսպորտի գումարի, նաեւ ժամանակի խնայողությունը։ Սակայն ըստ հետազոտողների՝ թերություններ էլ կան։ Որպես կանոն, տնից արվող աշխատանքը կարգավորված ժամեր չունի ու շատ ժամանակ է խլում, մշտապես ընդհատվում է տնային գործերով ու դրա հետեւանքով ավելի հոգնեցուցիչ դառնում։
Եվ քանի որ նման աշխատելաոճը դեռ զանգվածային կիրառում չի ստացել՝ մնում է ենթադրել, որ գրասենյակային աշխատանքը դեռ չի կորցրել իր առավելություններն ու գրավչությունը։




























