ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում շարունակում է ՀՀ խոշորացված համայնքներում վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ քննարկումների շարքը:

Այդ համատեքստում արդեն իսկ հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում եւ Կողբ համայնքներում (2016թ. հունվարի 18), ՀՀ Սյունիքի մարզի Գորայք եւ Վայոց Ձորի Ջերմուկ, Զառիթափ եւ Վայք խոշորացված համայնքներում (2016թ. հունվարի 24-25): Ս.թ. փետրվարի 14-15-ին հերթական հանդիպումներն են կազմակերպվել ՀՀ Շիրակի մարզի Արփի, Ամասիա, Աշոցք եւ Սարապատ համայնքներ:

Վերոնշյալ այցելությունների նպատակն է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների համատեքստում 2015-2016թթ. ընթացքում արդեն իսկ խոշորացված 18 համայնքներում առկա իրավիճակի, արձանագրված դժվարությունների, խնդիրների ու հաջողությունների վերաբերյալ համապարփակ, փաստացի եւ արդի տեղեկատվության ստացումը եւ ամփոփումը, նշյալ համայնքներին առավել հասցեական մեթոդական օգնություն ցուցաբերելը: Հանդիպումներին մասնակցել են վերոնշյալ համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, վարչական ղեկավարներն ու աշխատակազմերի ներկայացուցիչները:

ՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մասին օրենսդրական վերջին փոփոխությունները, ոլորտում բարեփոխումների ընթացիկ փուլի խնդիրները, գործընթացային եւ առօրյա աշխատանքին վերաբերող կարեւոր հիմնահարցերը, ինչպես նաեւ պատասխանել համայնքների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

ԳՄՀԸ ծրագրի ներկայացուցիչները մասնակիցների հետ քննարկել են վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, համայնքներում կատարված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաեւ գործընթացում առաջացած որոշակի խնդիրներին, ճշգրտման ենթակա ընթացակարգային, ինչպես նաեւ համայնքներում էլեկտրոնային կառավարման, մասնակցային եւ տնտեսական զարգացմանն ուղղված պլանավորման, ժամանակակից՝ արդյունքահեն եւ ծրագրային բյուջետավարման բնագավառներում անելիքներին:

ՀՀ խոշորացված համայնքներում վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ քննարկումների շարքը կրում է շարունակական բնույթ, եւ համապատասխան հանդիպումներ կկազմակերպվեն այլ խոշորացված համայնքներում եւս: