«Իսլամական պետություն» խմբավորմանը հաղթել չի հաջողվի, եթե չլուծվի կոռուպցիայի խնդիրը, որը սնուցում է ծայրահեղականներին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունից:  

Իրավապաշտպանների հրապարակած նոր զեկույցում նշված է, որ արեւմտյան երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունները կոռուպցիան չեն համարում ահաբեկչության հիմնական շարժիչ ուժը եւ այդ խնդրի լուծմանը պատշաճ ուշադրություն չեն հատկացնում:

Transparency International-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերով տնօրեն Քեթրին Դիքսոնի խոսքով՝ ԻՊ-ն իրեն կոռուպցիայից փրկիչ է հռչակել եւ իրեն հակադրում է կոռումպացված պաշտոնյաներին՝ այդկերպ հավաքագրելով նորակոչիկներին:

«Միջազգային հանրությունն ահռելի ջանքեր է գործադրում այնպիսի խմբավորումների «գաղափարախոսության» դեմ պայքարում, ինչպիսին ԻՊ-ն է, կենտրոնանալով նրանց կրոնական հռետորաբանության վրա, սակայն ոչ մի ուշադրություն չի դարձնում այն նյութական պայմանների վրա, որոնց պարագայում նրանք ծաղկում են»,- ասել է Դիքսոնը:

Transparency International-ը մասնավորապես կոչ է անում ուշադրություն դարձնել ռազմական բյուջեների հաշվետու լինելու վրա:

Բերվում է Իրաքում Մոսուլի իրավիճակի օրինակը, որը ԻՊ-ի ուժերը շատ արագ են գրավել, քանի որ իրաքյան բանակում բավարար թվով զինվորականներ չկային այդ հարձակմանը դիմակայելու համար (իսկ թղթի վրա այդ զինվորների համար միջոցներ են հատկացվել):

Զեկույցը հրապարակվել է Մոսուլի վրա իրաքյան զորքերի շարունակվող հարձակումների ֆոնին:

Իրաքցի զինծառայողները կիրակի իրենց վերահսկողության տակ են վերցրել մի քանի գյուղեր եւ այժմ թիրախում Աբու Սաիֆ քաղաքն է, որտեղ հարյուրավոր ջիհադականներ եւ ականապատված ավտոմեքենաներ կան: