Հոկտեմբերի 29-31-ը Երեւանի Մարզահամերգային համալիրում անցկացվեց DigiTec Expo 2010 միջազգային տեխնոլոգիական 6-րդ ամենամյա ցուցահանդեսը, որի արդյունքների մասին NEWS.am-ը զրուցեց կազմակերպիչներից մեկի՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության նախագահ Կարեն Վարդանյանի հետ։

Պրն. Վարդանյան, DigiTec Expo 2010-ը արդարացրե՞ց Ձեր սպասումները։

Անկեղծ ասեմ՝ ավելի քան արդարացրեց։ Ցուցահանդեսի հիմնական քանակական ցուցանիշներն են՝ մասնակից ընկերությունների եւ այցելուների քանակը։ Պլանավորում էինք ունենալ 60 մասնակից ընկերություն եւ 15 հազար այցելու։ Սակայն մասնակիցների քանակը կազմեց 68՝ 30 տոկոսով ավելի, քան անցյալ տարի։ Այցելուների քանակը կազմեց 16 հազար՝ նույնպես 30 տոկոս աճ է, քանի որ անցյալ տարի ունեինք 12 հազ. այցելու։ Կան նաեւ որոշակի որակական փոփոխություններ։ Այցելուների մեջ մեծացել է մասնագետների քանակը, փոխվել է գենդերային կազմը՝ իգական սեռի այցելուների քանակը կտրուկ աճել է։ Մասնակից ընկերությունները նույնպես ավելի լավ էին պատրաստվել՝ իրենց տաղավարներում կազմակերպում էին սեփական միջոցառումներ, որպեսզի այցելուների համար տաղավար այցելելն ավելի հետաքրքիր լինի։ Մեծացել էր նաեւ տաղավարների միջին չափը։

Ի՞նչ նորություն կար այս անգամ DigiTec-ում։

Շատ լուրջ էր «Նեյշնլ Ինսթրումենթսի» ցուցադրությունը, որի տաղավարի ընդհանուր անվանումն էր «Ճարտարագիտության աշխարհը» (World of billding): Այն ամբողջությամբ ուղղված էր ինժեներության, տեխնոլոգիական մտքի քարոզին։ Այդ տաղավարում ներգրավված էին 14 ընկերություններ։ Այդ ցուցադրությունը շատ մեծ ազդեցություն թողեց ցուցահանդեսի ընդհանուր որակի վրա։

Մի քանի միջազգային ընկերություն DigiTec-ի միջոցով մուտք գործեց Հայաստան։ Այդ շարքում առաջինը պետք է նշեմ «Սինգապուր Թեքնոլոջիս» ընկերությանը՝ ի դեմս «Սինգապուր Կինետիքսի»: Սա աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկն է։ DigiTec-ի ընթացքում նրանք մասնագետներ էին փնտրում եւ գտան՝ ցուցահանդեսի վերջում արդեն որոշում կայացվեց, որ «Սինգապուր Կինետիքսը» Հայաստանում կսկսի գործունեություն ծավալել։

Հետաքրքիր էր, իհարկե, «Դ-Լինկ»-ի նախագահ Թոնի Ցաոյի այցը, ով որպես կանոն այցելում է միայն աշխարհի խոշորագույն միջոցառումներին։ Նրա տպավորությունները նույնպես շատ լավ էին, մասնավորապես՝ «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հետ պայմանավորվել են համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարել։

Իսկ ցուցահանդեսի պլատինե հովանավոր «ՎիվաՍել–ՄՏՍ»-ը  ցուցադրեց 4 G կապին անցնելու հեռանկարները։

Ձեր ասածներից կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի են ունեցել լուրջ դրական տեղաշարժեր։

Այո։ Օրինակ՝ CAPS ծրագրի հետ աջակցեցինք 12 նորաստեղծ ընկերության՝ DigiTec-ին մասնակցելու համար։ Բոլոր այդ նորաստեղծ ընկերությունները ցուցահանդեսի միջոցով բիզնես ունեցան, կնքեցին իրական պայմանագրեր։ Փոխվել էր ընկերությունների տնօրենների տարիքային շեմը։ Եթե առաջին DigiTec-ին միայն մի ընկերություն կար, որի տնօրենը մինչեւ 30 տարեկան էր, ապա վերջին DigiTec-ի մասնակիցների մոտ 70 տոկոսը երիտասարդներ էին՝ մինչեւ 30 տարեկան կամ դրան մոտ։ Սա լուրջ տեկտոնիկ շարժ է ցույց տալիս։

Ասացիք, որ DigiTec-ն մասնակցել է 68 ընկերություն։ Սակայն այս ոլորտում մոտ 250 ընկերություն կա։ Այսինքն՝ մեծ մասը DigiTec-ին չի մասնակցում։ Ինչո՞վ եք դա բացատրում։

Դա նորմալ համամասնություն է։ DigiTec-ը ցուցահանդես է, մեծ հաշվով՝ մարկետինգային գործիք է։ Աշխարհում մարկետինգային ծախսերի միջինը 15-20 տոկոսը ցուցահանդեսային ծախսերն են։ Եթե ընկերության շուկան ցուցահանդեսով չի որոշվում, ապա ցուցահանդես չի գալիս։ Ես դա սխալ եմ համարում, որովհետեւ ցանկացած պահի կարող է հայտնվել մեկ այլ ընկերություն, որը ցուցահանդեսի միջոցով մտնելու է շուկա։ Իմ համոզմամբ՝ լոկալ շուկաներում գործող ընկերությունները պետք է գան DigiTec: Գերմանիայում էլ կան տասնյակ հազարավոր ընկերություններ, սակայն CeBIT ցուցահանդեսին մասնակցում են դրանցից 2-3 հազարը։ DigiTec-ին մասնակցում են նրանք, որոնք ՏՏ բիզնեսում աճի հեռանկար են տեսնում։ Այն, որ մեր ընկերությունների մոտ 30 տոկոսը մասնակցում է DigiTec-ին՝ շատ լավ ցուցանիշ է։ Հաջորդ տարի մենք ձգտելու ենք հասնել «100 մասնակից» ցուցանիշին։ Իմ կարծիքով՝ «ավելացող» ընկերություններից 20-ը կլինեն տեղական, 20-ը՝ օտարերկրյա։ Այդ «68» թիվը շրջանցել է կրիտիկական ցուցանիշը, ցույց է տալիս, որ դրսի ընկերությունների համար DigiTec-ն ավելի հետաքրքիր է դարձել։ Իսկ մեզ համար միջազգային մասնակցություն ապահովելը լուրջ խնդիր է։

Հաջորդ տարի այցելուների թիվը կարելի է 2000-ով ավելացնել։ Եթե DigiTec-ը նախկինում ՏՏ ոլորտի հիմնական միջոցառումն էր, ապա ներկայում՝ ողջ տնտեսական ոլորտի հիմնական միջոցառումն է։ Այս ծավալի որեւէ այլ բիզնես միջոցառում ինձ հայտնի չէ՝ նկատի ունեմ ներգրավվածությունը, տեղական ուժերի կոնսոլիդացման մակարդակը եւ այլն։

DigiTec-ի շրջանակներում տեղի ունեցավ «ԱրմԹեք»-ին նվիրված խորհրդակցություն, որն ընթացավ լրագրողների աչքից հեռու։ Ասում են՝ լուրջ տարաձայնություններ կային։ Կարող ե՞ք բացել փակագիծը, ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը։

Ոչ թե տարաձայնությունների, այլ տարբեր տեսակետների խնդիր կար։ Խնդիրներից մեկը հետեւյալն էր՝ ի՞նչ դեր ունի «ԱրմԹեքը» Հայաստանի եւ Սփյուռքի տեխնոլոգիական ներուժի կոնսոլիդացման հարցում։ Մյուս հարցադրումը հետեւյալն էր՝ արդյոք «ԱրմԹեքը» խողովա՞կ է դեպի Հայաստան տեխնոլոգիաներ բերելու, թե՞ «ԱրմԹեքը» տարին մեկ անգամ տեղի ունեցող իրադարձություն է, որտեղ ամփոփվում է տեխնոլոգիական զարգացման քաղաքական պլատֆորմը։ Կային տարբեր կարծքիքներ։ Ի վերջո՝ ընդհանուր համաձայնություն է եղել, որ «ԱրմԹեք» կոնգրեսի շրջանակներում կստեղծվի տեղի եւ Սփյուռքի տեխնոլոգիական բիզնեսի ներկայացուցիչների ասոցիացիա, որը տարածաշրջանում կկորդինացնի «ԱրմԹեքի» աշխատանքները։

Այնուամենայնիվ՝ ՏՏ զարգացման ռազմավարության անկյունաքարը, ըստ Ձեզ, ո՞րը պետք է լինի, հաշվի առնելով, որ 2 տարի առաջ ընդունված հայեցակարգը հնացել է։ 

Չէ, չի հնացել։ Ուղղակի այդ հայեցակարգը չի իրականացվել։ Մինչեւ չանես՝ չես իմանա՝ հնացե՞լ է, թե` ոչ։ Ես կողմնակից եմ, որ այդ փաստաթուղթն ամբողջ ծավալով իրականացնենք։ Բացի այդ՝ մենք նախապատրաստել եւ կառավարությանն ենք ներկայացրել ճանապարհային քարտեզ՝ տեխնոլոգիական ձեռներեցությունը զարգացնելու համար։

Իսկ եթե ավելի կոնկրետ՝ ի՞նչը չի արվել։

Օրինակ՝ ըստ հայեցակարգի 2008-18թթ. պետք է ստեղծվի 1000 տեխնոլոգիական ձեռնարկություն։ Եթե հաշվի առնենք, որ սա գործունեության ռիսկային ոլորտ է եւ նորաստեղծ ընկերությունների մի մասը պետք է վերանա, ուրեմն մեզ հարկավոր է տարեկան 300-500 ընկերությունների ստեղծում։ Ներկայում բնականոն ընթացքով ստեղծվում են 30-ը։ Այսինքն՝ առաջ չենք գնում, շատ քիչ ջանքեր ենք ներդնում այս ուղղությամբ։ Ցանկացած երկրում ընկերությունների ստեղծումը համարվում է կառավարության առաջնահերություններից մեկը։ Երբ «Ինթելի» նախկին նախագահ Գրեյթ Բարեթը եկել էր Հայաստան, ասում էր, որ ԱՄՆ տեխնոլոգիական հզորության հիմքը ոչ թե «Ինթելն» է, «Մայքրոսոֆթը» կամ «Սինոփսիսը», այլ տասնյակ հազարավոր փոքր եւ միջին ընկերությունները, թեեւ խոշորները, իհարկե, շատ կարեւոր են։ 

 

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը