«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ցանկացած երկրի իշխանություն անում է այն, ինչ իրեն թույլատրվում է: Ադրբեջանում «թագավորը» կարող է Սահմանադրություն փոխել, ստեղծել առաջին փոխնախագահի պաշտոն եւ հետո այդ պաշտոնին նշանակել սեփական կնոջը: Ադրբեջանում մի երկու բլոգեր սարկաստիկ մեկնաբանություն կգրի, եւ դրանով ամեն ինչ կսահմանափակվի, պալատական պնակալեզները կողջունեն այդ «իմաստուն քայլը» եւ կասեն, որ բացի Մեհրիբանից՝ այլ «թագուհի» չէին էլ պատկերացնում:

Հայաստանում, որտեղ նավթ եւ գազ չկա, իշխանությունը ստիպված է քիչ թե շատ հաշվի նստել ներքին հասարակական կարծիքի, ինչպես նաեւ եվրոպական եւ ամերիկյան պաշտոնական կառույցների հետ: Տեսնո՞ւմ եք, ինչ լավ է գազ եւ նավթ չունենալը: (Այդ իսկ պատճառով, ի դեպ, եթե ՕԵԿ-ը գիտի, թե որտեղ են մեր նավթի եւ գազի հորերը, թող չասի՝ թե չէ կդառնանք Ադրբեջանի նման):

Փոխարենը մեր իշխանությունները կարող են ասել՝ «եթե նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքեք, միեւնույն է՝ մենք մեր աթոռները զիջողը չենք»: Դա մարսվեց՝ ինչպես մարսվեց նաեւ «մարտի 1»-ը՝ այնքան լավ մարսվեց, որ այդ ժամանակվա ռեպրեսիաների կողմնակիցները դարձել են բյուրեղյա դեմոկրատներ: Բայց այդ «մարսելը» նույնպես գին ունի: Մինչեւ 1996 թվականը մենք Ռուսաստանին կարող էինք որոշ հարցերում ասել՝ «ոչ», դրանից հետո՝ չենք կարող: Իսկ «մարտի 1-ից» հետո մեր կարծիքն ընդհանրապես սկսեցին չհարցնել:

Ուզում եմ ասել՝ մարսելը նույնպես հարաբերական է: Թվում է, թե կանցնի-կգնա, բայց արի ու տես՝ մի օր, մի անկյունից խնդիրը դուրս է գալիս եւ ասում է՝ «ահա եւ ես»: Թվում է, թե հսկայական Ռուսաստանը՝ իր գազով, նավթով, ահեղ զենքով, ինչո՞ւ չպիտի մարսի Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի այս բոլոր պատմությունները: Բայց պարզվում է՝ անընդհատ խնդիրների առաջ է կանգնում, եւ դրա վերջը չի երեւում: Հույս ունեին, որ «չար Օբամային» կփոխարինի «բարի Թրամփը», բայց հետո հասկացան՝ խնդիրն առաջին դեմքի մտադրությունները չեն, խնդիրն ավելի սուր է դրված՝ կա՛մ ուժերդ պատում են դա անպատիժ անելու, կա՛մ չեն պատում:

Միացյալ Նահանգներն, իհարկե, ուրիշ հարց. նա կարող է Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում եւ այլուր «ժողովրդավարություն» հաստատել: Այնպիսի «ժողովրդավարություն», որ քարը քարին չթողնի: Ոչինչ՝ իրենց կարելի է: Սարսափ-երազներ չեն տեսնի: Հզորությամբ Ռուսաստանն իրենց հետ չի կարող մրցել՝ որքան էլ Ժիրինովսկին գոռգոռա: Ամեն մի իշխանության տրված է չարագործության իր լիմիտը: Իհարկե, իդեալական կլիներ, որ իշխանություն ընդհանրապես չլիներ: Բայց, ավաղ, այդպես չի լինում՝ բոլոր փորձերը, ընդհուպ մինչեւ 1968 թվականի «հիփիական համայնքները», տապալվեցին: Նույնիսկ Սուրբ Ֆրանցիսկոսի հիմնած միաբանությունում հաղթեց բթամիտ բյուրոկրատիան՝ անգամ այդ սրբի կյանքի օրոք:

Մնում է իշխանությունը պահել որոշակի շրջանակների մեջ: Դա հնարավոր է: Միայն թե ցանկություն լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում