Մալայզիայի ոստիկանությունը տվել է ԿԺԴՀ-ի նոր պաշտոնատար անձանց անուններ, որոնցից նոր ցուցմունքների են սպասում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Մալայզիայի ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը՝ ցույց տալով սլայդները, որտեղ եղել են այդ անուններն ու լուսանկարները, հաղորդում է RIA Novosti-ն։

Այդ մարդիկ են՝ ԿԺԴՀ դեսպանատան երկրորդ քարտուղար Հյոն Գվան Սոնը  (44 տարեկան) եւ հյուսիսկորեական Air Koryo ավիաընկերության աշխատակից Կիմ Ուկ Իլը (37 տարեկան)։

Ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի դեսպանատուն նամակ է հղվել՝ խնդրելով համագործակցել այդ երկու անձանցից ցուցմունք ստանալու հարցում։ Հալիդ Աբու Բաքարը նշել է, որ հակառակ դեպքում նրանց ձերբակալման օրդեր կտրվի։