ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խցի պատուհանի ապակին կալանավորված անձինք են օդափոխելու նպատակով փոխարինել ստվարաթղթով, որը նկատելուց հետո կրկին բերվել է նախնական վիճակի: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
«Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպանը լրատվամիջոցներին հայտնել է, որ «խուցը, որտեղ պահվում է իր պաշտպանյալը զուրկ է կենցաղային պայմաններից՝ ջուր չկա, իսկ պատուհաններից մեկի ապակին բացակայում է» :
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ծխող կալանավորված անձինք իրենք են խուցը օդափոխելու նպատակով պատուհանի մի հատվածի ապակին փոխարինել ստվարաթղթով, ինչը ժամանակին նկատվել և վերստին բերվել է նախնական վիճակի:
Ինչ վերաբերում է խցում ջուր չլինելու ահազանգին, ապա տեղեկացնենք, որ ջրի հոսքի ընդհատում չի եղել. առկա է ընդամենը հոսքի դանդաղ լինելու խնդիր` կապված ճնշման տատանման հետ, ինչն այս պահին փորձ է արվում լուծել»:




























