«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը մեկ օրով դադարեցրել է հացադուլը եւ այսօր կրկին հացադուլ հայտարարել: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ փետրվարի 22-ին, ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ Արմեն Մկրտումյանի առողջական վիճակը բավարար է, նա բժիշկների հսկողության տակ է: 

Արմեն Մկրտումյանը հացադուլի մեջ էր փետրվարի 10-20-ը, ազատամարտիկը պնդում է, որ բազմաթիվ հիվանդություններ ունի, սակայն, նրան չեն տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց» կամ քաղաքացիական հիվանդանոց:

Արմեն Մկրտումյանի խոսքով՝ ճաղերի հետեւում է  հայտնվել վաշխառուի պատճառով. «Իմ բարեկամուհին ծանր հիվանդ էր, իրեն շտապ գումար էր հարկավոր: Մի կնոջից 19 հազար դոլար գումար վերցրեց, ես էլ երաշխավոր կանգնեցի: Բայց քանի որ բարեկամուհուս վիճակը գնալով վատանում էր, իր գումարը հետ էր պահանջում, դատի տվեց մեզ: Դատաքննության ընթացքում էլ իմ բարեկամուհին բազմաթիվ անգամներ ասել է, որ ես կապ չունեմ դրա հետ, ընդամենը երաշխավոր եմ եղել, բայց ինձ մեղավոր ճանաչեցին եւ 6 տարվա ազատազրկման դատապարտեցին»,-պատմեց նա:

Արմեն Մկրտումյանը ՀՀ Արդարադատության նախարարությունից եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ,  ուսումնասիրել խուցը, որտեղ պահվում է ինքը եւ կազմակերպել իր առողջական վիճակի հետազոտում: