Ադրբեջանական քարոզչամեքենան մարդկանց զգացմունքների վրա է խաղում քարոզչության եւ ստի միջոցով: Այս մասին իտալական agenparl.com կայքի հետ հարցազրույցում հայտարարել է Իտալիայում Հայաստանի դսպան Վիկտորյա Բաղդասարյանը:

«Խոսելով Խոջալուի վայրագությունների մասին՝ Ադրբեջանի դեսպանը չի հիշատակում, որ Խոջալուի բնակիչները դարձել են Ադրբեջանի այդ տարիների իշխանությունների ներքին քրեական քաղաքականության եւ իշխանությունը զավթել ձգտող Ադրբեջանի Ազգային ճակատ ուլտրաազգայնական շարժման զոհերը»,- նշել է ՀՀ դեսպանը:

Դիվանագետն ընդգծել է, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպվել են նախագահ Այազ Մութալիբովին տապալելու նպատակով, որը նա ինքն է հաստատել իր հրաժարակնից մեկ ամիս հետո չեխ լրագրող Դանա Մազալովայի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է «Նեզավիսիմայա գազետայում»:

Դեսպանի խոսքով՝ ցավոք, ադրբեջանցի քարոզիչները մեղքը հայերի վրա են բարդում, որ նոր սերունդի մեջ հայերի նկատմամբ էլ ավելի շատ ատելություն սերմանեն. «Նրանք նման սուտ տեղեկություններ են տարածում նաեւ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ այլ վայրերում հայ ժողովրդի նկատմամբ իրենց իրագործած վայրագություններից ուշադրությունը շեղելու նպատակով»:

Ադրբեջանական քարոզչությունը հետեւյալ ռազմավարության վրա է հիմնված՝ «եթե խոշոր սուտ ես ասել եւ շարունակում ես այն կրկնել, մարդիկ ի վերջո դրան կհավատան», նշել է դեսպանը: