ՀՀԿ թեկնածուները ամենամրցունակն են եւ ամենահայտնին են, դա ցույց կտան ապրիլի 2-ի ընտրությունները: Այդ մասին այսօր՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Մենք այլեւս մեծամասնական ընտրակարգ չունենք, դա համամասնական ընտրություն է»,- ասել է Շարմազանովը, իսկ Լոռու մարզի հարցին էլ պատասխանել է. «Կոնկրետ Լոռու մարզում ունենք շատ մրցունակ ցուցակ: Ես կքվեարկեմ ՀՀԿ-ին եւ առանց բացառությամբ աջակցելու եմ առաջադրված բոլոր թեկնածուներին»:
Խոսելով ընտրակաշառքի մասին մամուլում շրջանառվող լուրերի մասին՝ Շարմազանովն ասաց. «Ընտրակաշառքը, բոլոր հակաօրինական երեւույթները մեր թիմը բացասական է գնահատում: Մենք ունենք հստակ հանձնարական՝ իրականացնել մաքուր եւ թափանցիկ քարոզարշավ:
Ընտրակաշառքի դեպքերը բացահայտելը բարդ է, քանի որ չի լինում ընտրողի բողոքը: Ավելի շատ դրանք սենսացիոն հայտարարություններ են այս փուլում: Դժվար թե ընտրություններից երկու ամիս ինչ-որ մեկը...»:
Ըստ ՀՀԿ խոսնակի, իրենք քարոզարշավը անելու են բացառապես օրենքով սահմանված կարգով, թեեւ չի բացառում, որ կեղծ տեղեկություններ տարածվեն՝ իբր ՀՀԿ-ն կաշառք է բաժանում: Ըստ Շարմազանովի, դրանք կեղտոտ տեխնոլոգիաներ են, որոնք նոր չեն եւ միայն Հայաստանում չեն, որ օգտագործվում են: «Եթե լսելով լինի, ես էլ շատ բան եմ լսում, որ այս կամ այն ընդդիմադիր ուժը տարբեր խոստումներ են տալիս»,- ասել է նա:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությանը՝ նա նշել է. «Կա իրավական խնդիր, պարոն Օսկանյանի որդին օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել: Անկախ նրանից, թե ում որդին է, օրենքի առաջ բոլորս հավասար ենք»:




























