Մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը սպանված 35-ամյա Էդգար Հովսեփյանը Հրազդան քաղաքից էր, ուներ 3 մանկահասակ երեխա:

NEWS.am-ի թղթակցին սպանված երիտասարդի հարեւանները պատմեցին, որ նախնական տեղեկություններով, վիճաբանության ժամանակ Էդգար Հովսեփյանին սպանել է ոմն դաղստանցի: Թե որն է եղել սպանության պատճառը, հարեւանները չգիտեն, նրանք տեղի ունեցածից ցնցված են:

«Ռուսաստան էր գնացել, որ աշխատի ու ընտանիքը պահի, ընտանիքի էլ հետն էր տարել՝ կնոջը, երեխաներին, այստեղ միայն հայրն ու մայրն են: Նրանց արդեն հայտնել են տեղի ունեցածի մասին»,- ասաց նրա հարեւաններից մեկը:

Էդգար Հովսեփյանն ընտանիքի հետ ՌԴ էր մեկնել շուրջ 5 ամիս առաջ եւ վարորդ էր աշխատում այնտեղ: Նրա խնամքին երեք անչափահաս երեխա կար:

Հովսեփյանի մարմինը դեռ Հայաստան չեն տեղափոխել:

Ավելի վաղ 360tv.ru կայքը հաղորդել էր, որ Հայաստանի քաղաքացու մարմինը հայտնաբերել էին Սվետսկոյ փողոցում գտնվող «Վոդնիկ» սրճարանի մերձակայքում։

Մերձմոսկովյան շրջանում առանց գրանցման բնակվող տղամարդը մահացել է Շտապօգնության մեքենայում՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքից։

Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում ատրճանակի 10Х32 տրամաչափի պարկուճ են գտել։ 

Առգրավված է տեսախցիկների արձանագրությունը, օպերատիվ–քննչական աշխատանքներ են տարվում։