Արագածոտնի մարզում առաջադրված թեկնածուներ Արագած Ախոյանի (ՀՀԿ-ից) եւ Խաչիկ Մանուկյանի (ԲՀԿ-ից) միջեւ լարվածություն կա, ըստ Արագած Ախոյանի՝ Խաչիկ Մանուկյանն անվանարկում է իրեն եւ թիմակիցներին: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ ցուցակով առաջադրված Արագած Ախոյանը նշեց, որ խոսակցությունները, թե իր եւ ԲՀԿ ցուցակով նույն ընտրական տարածքում առաջադրված Խաչիկ Մանուկյանի միջեւ բախումներ են տեղի ունեցել, իրականությանը չեն համապատասխանում. նրա խոսքով, իրենց միջեւ ընդամենը հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացում ինքն զգուշացրել է Խաչիկ Մանուկյանին, որպեսզի «կեղտոտ մեթոդներով չմտնի ընտրապայքարի մեջ»,-ասաց նա:
«Ես զարմանում եմ՝ ինչպես է տարածվել իմ ու Մանուկյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցը: Խաչիկ Մանուկյանն էլի իր կեղտոտ տեխնոլոգիաներն է գործի դրել, փորձում է անվանարկել ինձ ու իմ թիմակիցներին: Ես էլ ընդամենը զանգահարել եմ եւ շատ կոռեկտ բացատրել եմ, որ նման կեղտոտ մեթոդներով չմտնի ընտրապայքարի մեջ, այդքան բան»,-ասաց նա:
Խաչիկ Մանուկյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց եւ բախումների մասին տեղեկությունները, եւ այն, որ իր եւ Արագած Ախոյանի միջեւ տհաճ խոսակցություն է եղել:
«Երեւի իրենց ձեռ ա տալիս, որ նման խոսակցություններ են անում, ոչինչ չի եղել»,-ասաց նա:
Նշենք, որ նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը առաջադրվել է ՀՀԿ ցուցակով, իսկ ՀՀԿ ներկայացուցիչ Խաչիկ Մանուկյանը՝ ԲՀԿ ցուցակով:


























