Եթե Լեռնային Ղարաբաղում ռազմական տեխնիկան անորակ դիզվառելիքով է լիցքավորվել, այդ հարցով կզբաղվեն իրավապահ մարմինները։ Մարտի 3–ին՝ ԱԺ–ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան անցյալ տարվա ապրիլին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին առնչվող վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։
Բաղդասարյանի համոզմամբ՝ իրավապահները պատրաստ են հետաքննել Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությանը վերաբերող ցանկացած հարց։ Եվ եթե վառելանյութի մատակարարումների հետ կապված ինչ–որ խախտումներ են եղել, դրանք իրավական գնահատական կստանան։ «Տվյալ դեպքում կասկածելու հարկ չի լինի՝ նրանք հնարավոր ամեն ինչ կանեն»,– ասել է Վահրամ Բաղդասարյանը։



























