Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալների պաշտպաններն այսօր` մարտի 3-ին, միջնորդեցին իրենց տրամադրել գործով վկա Արմեն Սարգսյանի ցուցմունքը, որը դրված է մեղադրանքի հիմքում:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ այդ վկայի ցուցմունքները չտրամադրելով խախտվում է հավասարության սկզբունքը: Սիմոնյանի միջնորդությանը միացան մյուս ամբաստանյալների պաշտպանները նույնպես: Ըստ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանի` Արմեն Վաչագանի Սարգսյան կեղծանվամբ վկայի ցուցմունքներին ծանոթանալը շատ կարեւոր է իրենց հետագա գործողությունները որոշելու համար: Նշենք, որ այդ վկան ցուցմունք էր տվել, թե ամբաստանյալներից ով ինչ գործողություններ է կատարել դեպքի օրը:
Մեղադրող Վարդգես Սարգսյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանն առարկեցին` այս փուլում չի կարող լինել նման միջնորդություն: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց միջնորդության քննարկումը հետաձգել, մինչեւ հայտնի կլինի այդ վկայի հարցաքննության օրը:
Դատական նիստը շարունակվում է կիսադատարկ դահլիճում: Ամբաստանյալների հարազատները հեռացան նիստերի դահլիճից, քանի որ դատարանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ էր տալիս տեսանկարահանում իրականացնել միայն նիստի առաջին տասը րոպեներին:
Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի.Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Միեւնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ` Արտաշես Չիչոյանը եւ մյուսները նույն խմբի կազմում կատարել են խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:
ԴԱՀԿ ծառայության աշխատակից Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:



























