Շվեդիայի դատախազությունը հրաժարվում է Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանի

իրավահաջորդի ներկայացուցչին տրամադրել գործի տեսագրությունները: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը:

«Դատախազը հրաժարվում է մեզ տրամադրել խցի տեսագրությունը: Բայց մենք կարծում ենք, որ գործով անհրաժեշտ բոլոր փաստերը քաղաքացիական հայց հարուցելուց հետո կստանանք, քանի որ դատարանն այդ դեպքում կարող է պարտադրել դատախազին մեզ տրամադրել մեր պահանջած փաստաթղթերը»,-ասաց նա:

Մարկ Սաֆարյանը նշել էր, որ դժգոհ է քրեական գործի նախաքննությունից: Նրա խոսքով,  նախաքննության ընթացքում գործով վկաները դեռ չեն հարցաքննվել եւ հիմք կա կասկածելու, որ գործը փակուղի է մտնում: Այս պահին քննարկվում է Շվեդիայի Ներքին գործերի նախարարության դեմ քաղաքացիական հայց հարուցելու հարցը:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը  եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց:

Ընկերների այն կոչերին, թե իրենց ընկերը լավ չի զգում, ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին: Ոստիկանական բաժնում նույնպես նրան օգնություն չի տրամադրվել, նրան բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է:

Շվեդ ոստիկանների փոխանցմամբ, Դավիթի ինքնազգացողությունը վատացել է ոչ թե մեքենայում, այլ գիշերը, բանտախցում. մինչեւ առավոտյան բժիշկները եկել են, արդեն ուշ է եղել։

Դավիթ Բարսեղյանը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս տղա՝ 3 եւ 4 տարեկան: