Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունները մեծացրել են հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկ քաղաքականության որոշ ուղղությունների նկատմամբ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վերականգնվող էներգետիկային եւ էներգախնայողության միջոցառումներին։

Այսօր, օրինակ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հայտարարեց 25 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրի գործարկման մասին։

Սակայն նշենք, որ նմանատիպ վարկային ծրագրերը բնավ էլ էական առաջընթաց ոլորտում չեն արձանագրում։ Այդ վարկերը տրվում են առեւտրային պայմաններով՝ տարեկան 11-12 տոկոսադրույքով, ոչ երկար ժամկետով։ Որպես գրավ բանկերը պահանջում են բնակարան Երեւան քաղաքի կենտրոնում, այն էլ՝ հիմնականում էլիտար մասերից։ ՎԶԵԲ-ի վարկային ծրագիրն ունի 5 տարվա ժամկետ, ու դրա տոկոսադրույքներն ու մյուս պայմանները էապես չեն տարբերվելու ֆինանսական շուկայում գործող պայմաններից։ Այն տնտեսվարողները, որոնք ցանկանում են փոքր հէկ կառուցել, կամ էներգախնայողության լուրջ միջոցառում անել, բանկերին դիմում են ծայրահեղ դեպքերում։ Ավելի նախընտրելի է համարվում «փողատեր» գործընկեր գտնելը։