Վրաստանում, Եգիպոսում ու բալկանյան երկրներում կարող են ստեղծվել Եվրոպա ճանապարհվող միգրանտների ընդունելության կենտրոններ։ Նման առաջարկ է արել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը գերմանական Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում։

Նախարարը նշել է, որ միգրանտների ընդունելության ԵՄ նախկին քաղաքականությունը սխալ է եղել։ Դեպի եվրոպական երկրներ միգրանտների տեղաշարժման գոյություն ունեցող երթուղիները ՝ այդ թվում միջերկրական երթուղին պետք է փակվեն։ Կուրցը հայտնել է, որ ամենաողջամիտ լուծումը կլիներ ՄԱԿ փախստականների հարցերով գործակալության հետ համագործակցելով՝ միգրանտների ընդունելության կենտրոններ բացել ԵՄ սահմաններից դուրս։ «Կարեւոր է , որ այդ կենտրոնները պաշտպանություն տրամադրեն մարդկանց ու որ այնտեղ հնարավոր լինի տեղավորել ապօրինի միգրանտներին, որոնք Եվրոպա են ուզում մտնել»,- ասել է նա։

Կուրցը նաեւ հիշեցրել է,որ ԵՄ-ից ապօրինի միգրանտների արտաքսումը չի կարող խնդրի լուծում լինել։ ԵՄ իշխանությունները պետք է մինչեւ ԵՄ սահմանը հատելը կանգնեցնեն միգրանտների հոսքը։ «Ավելի հեշտ է մարդկանց ԵՄ արտաքին սահմանին կանգնեցնել ու նրանց հետ ուղարկել, քան արտաքսել նրանց, երբ նրանք արդեն Վիեննա կամ Բեռլին են հասել»,- պարզաբանել է Կուրցը։