Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդուն՝ Էդմոնին, ծեծի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Այս առնչությամբ, ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Գորիս քաղաքի բնաչուհի Լուիզա Ա.-ն 27.02.2017թ.-ին ոստիկանությանն ահազանգել էր այն մասին, որ որդին` Էդմոն Ա.-ն, ոստիկանության պաշտոնյայի կողմից ծեծի ենթարկվելու պատճառով մարմնական վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում: Հաջորդ օրը դեպքի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում հաղորդում է տվել նաեւ Էդմոն Ա.-ն` հայտնելով, որ 27.02.2017թ.-ին իրեն ծեծի է ենթարկել ոստիկանության Գորիսի բաժնի պետը` իր իսկ աշխատասենյակում` փորձելով այդ կերպ քաղաքացուն «պատժել» նույն բաժնի աշխատակցուհուն զանգահարելու եւ անհանգստացնելու համար: Բացի այդ, պաշտոնյան Էդմոն Ա.-ին հայհոյել եւ սպառնացել է վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցել, եթե նա երկու օրվա ընթացքում քաղաքից չհեռանա:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետի եղբորորդի ներկայացած անձը հայտարարել էր, որ փետրվարի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնում ինքը ծեծի է ենթարկվել, ծեծին մասնակցել է նաեւ ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: Նրա խոսքով, պատճառը եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին զանգելն ու հաղորդագրություն ուղարկելը: Հաջորդ օրն առավոտյան իրենց տուն են գնացել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ եւ իրեն տարել են ոստիկանություն. «Տարան ոստիկանություն, հանեցին մայորի սենյակը, մայորը առանձնազրույց ունեցավ հետս, հետո ոստիկանապետը մտավ, ինձ ծեծի ենթարկեցին ոտքերով եւ ձեռքերով: Ես չգիտեմ, թե ոստիկանապետն ինչ խնդիր ունի իմ հետ, ինչու ինձ ծեծեց, կամ ինչ կապ ունի էդ աղջկա հետ»:




























