Վանաձորի Խնձորուտ թաղամասում գրանցված քարաթափման ու դրա հետեւանքով սեփական տան վնասվելու մասին ահազանգը Լոռու մարզի փրկարարական վարչությունում ստացվել է այսօր: Բնակչուհի Սուսաննա Պողոսյանի խոսքով՝ տան հետեւում գտնվող ժայռերից խոշոր ժայռաբեկոր է պոկվել ու բախվել տան հետին պատին՝ առաջացնելով մեծ ճեղքեր ու ճաքեր:
Միայնակ ապրող կինը ժայռաբերկորի հարվածելու պահին տանը մենակ է եղել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ վերջինս նշել է, որ դղրդոցն ու ժայռաբեկորի հարվածն այնքան ուժեղ է եղել, որ վախեցել է ու դուրս փախել տնից:
Հնարավոր նոր քարաթափումների առավել ծանր հետեւանքներից խուսափելու համար կինը դիմել է փրկարարների օգնությանը: Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարները՝ փրկարարական վարչության պետ Կ. Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հողմահարման ու ձնհալի հետեւանքով տան հետեւում գտնվող մոտ 30 մետր բարձրության լանջի վրայի ժայռաբեկորները քայքայվել են, որոնցից պոկվել է մոտ 1,2x0,7մ չափսի քարաբեկոր եւ ընկնելով բախվել տան պատին, առաջացել է ճեղքվածք: Պարզվել է նաեւ, որ մի քանի այլ ժայռաբեկորների ընկնելու վտանգ եւս կա: Փրկարարներն իրականացրել են ստիխպողաբար քարաթափում, որպեսզի խուսափվի տանը եւ կից շինություններին քարաբեկորների բախումից:
Կ. Հովհաննիսյանի խոսքով, սակայն, սա խնդրի կարճաժամկետ լուծում է ու սելավաջրերի ու այլ բնական երեւույթների արդյունքում հնարավոր է քարաթափման վտանգ առաջանա նաեւ այլ հատվածներում:




























