Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անդրադարձել է Վանաձորում «Ելք» դաշինքի պաստառները պատռելուն եւ վնասելուն՝ հիշեցնելով, դա օրենսդրությամբ պատժելի արարք է.

ԿԸՀ տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

«Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու եւ վարչական դատարան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում ներկայացնող մարմին հանդիսանում է իրավասու ընտրական հանձնաժողովը, թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր դիմել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանության վարչություն, խնդրելով Վանաձոր քաղաքում «Ելք» կուսակցությունների դաշինքի քարոզչական պաստառները պատռող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու պարագայում դրանք տրամադրել հանձնաժողովին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնելու նպատակով»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ անհայտ անձինք «Ելք» դաշինքին պատկանող գովազդային պաստառներից մեկը պատռել են, իսկ մյուսը՝ ներկել սեւ ներկով՝ փակելով պաստառի վրա պատկերված ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմքը: Երկու դեպքում էլ թիրախը եղել է Էդմոն Մարուքյանը: Ցուցապաստառի վրա փակցված «Ելք» դաշինքի մյուս առաջնորդների՝ Արամ Զ. Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի նկարներն անվնաս են մնացել: Տեսախցիկը պաստառը պատռելու պահը: