Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում կազմակերպված շնորհանդեսին տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Կենտրոնական բանկի եւ ֆինանսական շուկայի մասնակիցների հետ:

ՀՀ ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով միջոցառման մասնակիցներին, ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հետ Հայաստանի գործակցությունն սկսվել է շուրջ 20 տարի առաջ: Այս տարիների ընթացքում բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության համար կարեւոր ճյուղերի՝ խոշոր եւ փոքր ու միջին ձեռնարկություններին՝ իրականացնելով միջնորդավորված եւ ուղղակի ֆինանսավորում:

ԿԲ նախագահի տեղակալը շեշտել է, որ փոքր ու միջին ձեռնարկությունների համար խիստ կարեւոր է արտարժութային ռիսկերից զերծ մատչելի վարկավորման հնարավորությունների ընձեռումը, եւ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը որդեգրել է նման ռազմավարություն եւ սկսել այդ ուղղությամբ աշխատանքներ նաեւ Հայաստանում:

Վախթանգ Աբրահամյանը նշել է նաեւ, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ռազմավարությունը, ինչպես նաեւ առաջարկվող ֆինանսական գործիքները դինամիկ փոփոխման կարիք ունեն ամբողջ աշխարհում՝ պայմանավորված գործընկեր երկրներում առկա պահանջարկով, եւ այսօր առավել արդյունավետ են ճկուն եւ փոփոխություններին արագ արձագանքող կազմակերպությունները՝ ի դեմս Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի, որը ներկայանում է մեր իրականությանը եւ առկա պահանջարկին լիովին համապատասխանող գործիքակազմով եւ լուծումներով: