«ԵՄ միջուկային զինման ծրագիրը, որը մինչ այդ անիմաստ գաղափար էր համարվում, սկսել է նորից լայնորեն քննարկվել եվրոպական շրջանակներում», գրում է Մաքս Ֆիշերը The New York Times ամերիկյան թերթում։ Այդ ծրագիրը նախատեսում է «ֆրանսիական զինանոցի հարմարեցում ամբողջ Եվրոպայի պաշտպանությանը ու դրա ենթարկում եվրոպական հրամանատարությանը, ֆինանսավորմանը, պաշտպանակամ հայեցակարգին», ասվում է հոդվածում։ Այդ ծրագրին պետք է դիմեն միայն այն ժամանակ, երբ Եվրոպան այլեւս չկարողանա ապավինել ԱՄ Ն պաշտպանությանը։

Վերլուծաբանների կարծիքով, այդ զրույցները, նույնիսկ եթե դրանք երբեք կյանքի չկոչվեն, վկայում են այն մասին, որ Եվրոպան հնարավոր է համարում հետպատերազմական աշխարհակարգի պաշտպանության նոր քայլերը Թրամփի նախագահության ու Ռուսաստանի հետ նրա հնարավոր դաշինքի կապակցությամբ։

Այդ խոսակցությունները հատկապես ակտիվ են Գերմանիայում, որը կենտոնական դեր է կատարում ցանկացած եվրոպական ծրագրում, բայց որտեղ ավանդաբար տարածված են հակաատոմային տրամադրությունները։

Ծրագրի հիմնական կողմնակիցը պաշտոնանկ գերմանացի գնդապետ Ռոդերիխ Կիզեվետտերն է, որը հիմա ներկայացնում է իշխող ՔԴՄ-ն։ Կիզեվետտերը այդ ծրագրի մասին հիշատակել է Թրամփի ընտրվելուց հետո։

«ԱՄՆ-ն մի շարք միջուկային մարտագլխիկներ է տեղակայել Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում ու Նիդեռլանդներում որպես արագ արձագանքման ուժեր, նաեւ որպես Եվրոպայի պաշտպանության ամերիկյան երաշխիքի խորհրդանիշ», պարզաբանում է հոդվածագիրը։ Կիզեվետտերը հայտնել է, որ իր ծրագիրը կփոխարինի ԱՄՆ սպառազինումները կամ  կապահովի «զուգահեռ ծրագիր»։ «Նրա խոսքով դրա համար չորս բաղադրիչ է հարկավոր․Ֆրանսիայի խոստումը՝ իր սպառազինումը տրամադրել համաեվրոպական պաշտպանությանը, Գերմանիայի կողմից ֆինանսավորումը, համատեղ հրամանատարություն ու ֆրանսիական մարտագլխիկների տեղակայում այլ եվրոպական երկրներում»,- գրում է թերթը։

«Գերմանացի պատգամավորները մտահոգված են նրանով, որ Թրամփը կարող է մեծ գործարք կնքել Ռուսաստանի հետ, շրջանցելով Եվրոպային ։ Կիզեվետտերը կարծում է, որ եվրոպական ատոմային ծրագրի շնորհիվ Եվրոպան կկարողանա պահպանել իր «ինքնիշխանությունը»։ Բացի դրանից Կիզեվետտերը հույս ունի դրանով դրդել Թրամփին փարատել կասկածները Եվրոպայի առջեւ ամերիկյան պարտավորությունների հարցում, դրանով իսկ ավելորդ դարձնելով «Բ պլանի» մշակումը։

Սակայն ցանկացած նման ծրագիր, ըստ փորձագետների, ոչ միայն թանկարժեք կլինի, այլեւ կդառնա ականապատ դաշտ՝ հնարավոր անցանկալի քաղաքական հետեւանքներով։

Գլխավոր մարտահրավերը կարող է դառնալ այն, թե ով է վերահսկելու ֆրանսիական զինանոցը ու որտեղ է այն տեղակայվելու։ Մանավանդ որ Ֆրանսիան զենք կիսելու  ու առավել եւս ընդհանուր եվրոպական համանատարությանը ենթարկվելու ցանկություն դժվար թե դրսեւորի։

Ամեն դեպքում այս ծրագրի քննարկումները գաղտնի կպահվեն, որպեսզի չսադրեն ռուսական արձագանքը կամ էլ Թրամփի գործողությունները։ Բայցևայնպես սա առաջին նմանատիպ քննարկումն է 1950-ին Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի ատոմային համագործակցության ձախողված փորձից հետո։