Մալաթիա Սեբաստիա-Շենգավիթ ընտրական տարածքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից առաջադրվել են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանը, արեւելագետ  Սամվել Կարաբեկյանը, Շենգավիթի գործկոմի նախկին նախագահ Բագրատ Անդրեասյանը։  Այս ընտրական տարածքից նախկինում մեծամասնական ընտրակարգով մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել Հակոբ Հակոբյանը: Թե ինչ ակնկալիքներ ունի այս ընտրություններում եւ Սամվել Ալեքսանյանի հետ մրցակցությունը ինպես է անդրադառնալու իր քվեների քանակի վրա, NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Հակոբ Հակոբյանը:

Պարոն Հակոբյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ հաշվի առնելով, որ իշխանության հովանավորությունը վայելող Սամվել Ալեքսանյանը տարիներ շարունակ ընտրապայքարի մեջ է վարչական լծակների գործադրմամբ:

 Ես նման բան չեմ նկատել, բացասական ոչինչ չկա, ամեն ինչ նորմալ ընթանում ա:

 Խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Ալեքսանյանը, ինչպես մյուս ՀՀԿ-ականները, ընտրակաշառքի խոսոտւմներ են տալիս, ցուցակագրում ընտրողներին...

 Ես չեմ նկատել նման բան, չգիտեմ,  էստեղ 100 թեկնածու կա, ընտրակաշառքը իմ համար նշանակություն չունի, դա ընտրակաշառքի խնդիր չէ.... բարեգործություն միշտ էլ արել են:

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ քաղաքական կյանքում պասիվ եք եղել վերջին տարիներին: 

Ես երեք անգամ ընտրվել եմ  էնտեղից, արդեն պարզ ա՝ ինչ պիտի լինի: Պասիվ էի, որովհետեւ տարան, կալանավորեցին: Ամեն ինչ նորմալ է, որեւէ բացասական բան չկա:  Էստեղ  ընդհանրապես ռիսկային բան չկա, մեր հարաբերությունները նորմալ են եղել միշտ, Ալեքսանյանն  իր ձայների տերն ա, ես՝ իմը: 99 թվականից, 2003, 2007 թվականին  մենք միասին ենք եղել պատգամավոր, ոչ մի անգամ իրար չենք խանգարել, նույնիսկ օգնել ենք, ոչ մի բացասական բան չկա:  Բնական ա՝ Հանրապետականի թեկնածուները մարզպետներ բաներ են, վարչական առումով էդպես է, բայց ամեն ինչ նորմալ ընթանում ա:  Կարող ա ջահելները իրար դեմ պայքարեն, բայց էսքան ժամանակ չեմ նկատել նման բան էս ընտրական տարածքում: Ասեմ, երեք անգամ ընտրվել եմ Մալաթիա Սեբաստիա համայնքից ոչ մի սկանդալ չի եղել, համոզված եմ՝ մեր միջեւ  նման բան չի կարող լինել:

Ձեզ հաջողվո՞ւմ է ընտրողներին  համոզել, որ ՀԱԿ -ի խաղաղության ծրագրի օգտին քվեարկեն:

 Ես համոզելու ոչինչ չունեմ, իրանք ինձ լավ ճանաչում են, գիտեն:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կոնգրեսի ծրագիրը շարունակվում է ակտիվ քննարկվել, քննադատվել: Մեղադրանքներ են հնչում, թե Կոնգրեսը տարածքները հանձնելու ծրագիր է առաջ քաշել, ազատամարտիկներ կան, որոնք  խիստ դեմ են  խաղաղություն հաստատելու ձեր  դիրքորոշմանը, ի՞նչ կասեք այս մասին: 

Հո մենք չենք տարածք հետ տվողը, տենց բան հնարավոր չէ...  Կոնգրեսի ձե՞ռն ա, որ հետ տա.... Ես էսքան ժամանակ շատ ազատամարտիկների հետ հանդիպել եմ եւ նման խոսակցություն չեմ լսել, ով էլ որ նման բան է ասել, ես իրան բացատրել եմ ամեն ինչ: 

Դուք իսկապե՞ս  ուզում եք վերադառնալ խորհրդարան, պատգամավորական գործունեություն ծավալել, թե առաջադրվել եք պարզապես Ձեր կուսակցությանն օգտակար լինելու համար:

Խորհրդարանում եղել ենք, անելիքներ եղել ա: 89 թվականից էս երկրի համար միշտ էլ անելիք ունեցել եմ եւ  մինչեւ այսօր ունեմ: