Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 10-ին, սկսվեցին հրապարակվել «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի՝ շորթում կատարելու գործով ապացույց հանդիսացող տեսագրությունները եւ ձայնագրությունները:
Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը ներկայացրեց ապացույց հանդիսացող տեսագրություններից եւ ձայնագրություններից մեկը, որում Անի Հովհաննիսյանի ենթադրյալ ծանոթը` Արտակ Գալստյանը, ամբաստանյալին արդարացնող խոսքեր է ասում, սակայն մինչ այդ ապացույց հանդիսացող տեսագրությունում ընդունում է նրա մեղավորությունը:
Նշենք, որ Արտակ Գալստյանը՝ «Վանոյի Արտակը» գործում ընդգրկված է որպես երրորդ անձ եւ դեռ դատակոչված չէ: Նա կալանավորված է մեկ այլ գործով:
Ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը ներկայացված ապացույցը համարեց գործին առնչություն չունեցող. «Այս մարդը իր սուբյեկտիվ կարծիքն է արտահայտում: Նա կարող է 20 տարբեր մարդկանց մոտ տարբեր բաներ ասել իմ գործի վերաբերյալ, մենք պետք է դնենք ու այդ 20 տեսագրություններն ու ձայնագրություններն էլ ուսումնասիրե՞նք»:
Մոտ 4 ժամ տեւած դատական նիստը ավարտվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին:
Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա սպառնացել է տարածել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն էլ նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:
Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով: Նա կալանավորված է:



























