Վաշինգտոնի իրավաբաններն ու գործարարները (Կոլումբիյի շրջան) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դատի են տվել` նրան մեղադրելով անբարեխիղճ մրցակցության ու ծառայողական դիրքը հօգուտ բիզնեսի օգտագործելու մեջ, հաղորդում է Fox News-ը:

Դատարան դիմելու նախձեռնությունը պատկանում է Cork Wine Bar-ի սեփականատերերին եւ Կոլումբիա շրջանի փաստաբաններին:

«Անբարեխիղճ մրցակցության առավելությունը կայանում է նրանում, որ Trump International Hotel-ն ու նրա ռեստորանները` գտնվելով ԱՄՆ կառավարությանը պատկանող շինություններում եւ գտնվելով մեղադրյալի ղեկավարության ներքո` առավելություն են ստանում այն բանից, որ մեղադրյալ Դոնալդ Թրամփը հանդիսանում է ԱՄՆ նախագահ», -ասվում է հայցում:

Հայցը ներկայացվել է սույն թվականի մարտին եւ քննարկվում է մայրաքաղաքի Կոլումբիա շրջանի Գերագույն դատարանի կողմից:

Հայցորդները պնդում են, որ հյուրանոցի մենեջմենթը խախտում է շինության վարձակալության պայմանագիրը, որի սեփականատերը դաշնային իշխանություններն են: «Վարձակալումն արգելում է դաշնային նշանակության պետական պաշտոններ զբաղեցնող եւ հյուրանոցի սեփականության իրավունքներ ունեցող անձանց շահույթ ստանալ: Իր ընտրվելու եւ երդմնակալության արարողության պահից նախագահ Թրամփը չի հրաժարվել հյուրանոցի եւ նրա ռեստորանների սեփականության իրավունքից, ուստի խախտում է վարձակալման պայմանագիրը, ինչպես նաեւ ստեղծում անարդար մրցակցություն տեղի ձեռնարկատերերի հետ: Իր պաշտոնի միջոցով նախագահ Թրամփն օգտագործում է  մասնավոր բիզնեսի հնարավորությունները` քաղաքում գործող այլ գործարարների հաշվին»,-հստակեցնում են հայցորդները:

Ինչպես հայտարարում են հայցորդները` բողոքը կազմվել է բացառապես «դատական միջամտության հասնելու համար` անբարեխիղճ մրցակցությունը կանխելու եւ չեզոքացնելու նպատակով»: