Հիվանդի մահվան մեջ մեղադրվող` Թալինի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Ցոլակ Խաչատրյանի գործով դատաքննությունը մեկնարկել է:
Դեռեւս դեկտեմբերին դատարան ուղարկված այս գործով նիստերը հետաձգվում էին տարբեր պատճառաբանություններով: Այսօր՝ մարտի 13-ին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տվել տուժող կողմը: Նա վերահաստատել է իր սկզբնական դիրքոշումը, որ երիտասարդ կնոջ մահվան մեջ մեղավոր է բժիշկ Ցոլակ Խաչատրյանը: Դատարանը որոշում է կայացրել հանրային պաշտպան տրամադրել տուժող կողմին: Նշենք, որ նրանք նաեւ մտադիր են քաղաքացիական հայց ներկայացնել:
Ըստ մեղադրական եզրակացության` Ցոլակ Խաչատրյանը 2014թ. օգոստոսին վիրահատել է Սոֆյա Պողոսյանին: Վիրահատությունից կարճ ժամանակ անց կնոջ մոտ նկատվել է քաղցկեղի շարունակական աճ, ինչի հետեւանքով էլ 2015թ. մայիսին մահացել է:
Ցոլակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Բժշկին սպառնում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:



























