Սյունիքի մարզի խոշորացված համայնքում, որն ընդգրկում է Գորայք, Ծղուկ, Սառնակունք եւ Սպանդարյան գյուղերը, մի շարք խնդիրներ կան: NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետ Առուստամ Առուստամյանը նշեց, որ Ծղուկ, Սառնակունք եւ Սպանդարյան գյուղերն ունեն խմելու ջրի խնդիր: Նրա խոսքով, ջրատար խողովակները հին են, մաշված եւ այդ պատճառով ծորակից կեղտոտ ջուր է հոսում:

«Ներքին ցանցերը մաշված են, փտած, պետք է վերանորոգվի, որից հետո նոր կկարգավորվի ջրի խնդիրը: Ջուրը կա, բայց չեն կարողանում խմել, որովհետեւ տրուբեքը տրաքած են ու այդ ջուրը անհնար է օգտագործելը»,-ասաց նա:

Համայնքապետի խոսքով, եթե այս գյուղերում խմելու ջրի խնդիրն է, ապա Գորաքում  էլ ընդհանրապես ոռոգման ջուր չկա եւ գյուղացիները մեծ դժվարություններով են կարողանում ոռոգել իրենց դաշտավայրերը:

Բացի ջրի խնդրից, գյուղապետի խոսքով, խոշորացված համայնքում կա նաեւ փողոցների լուսավորության խնդիր. «Մութն ընկնում է, էդ մարդիկ դուրս գալ չեն կարողանում: Ամեն մեկը մի բատարեյկա վերցրած մեկը մեկի տուն է գնում»:

Համայնքապետի խոսքով, արդեն ներկայացրել է համայնքի զարգացման հնգամյան ծրագիրը, որի մեջ նաեւ ներառված են այս խնդիրները եւ դրանք լուծելու տարբերակները: