Երեւանում, այսօր՝ մարտի 14-ին, տեղի է ունեցել Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սեւծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: 

Ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովին մասնակցել են ՀՀ հասարակական կազմակերպությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, մշակութային եւ հնագիտական ասոցիացիաների, զբոսաշրջության եւ տարածաշրջանային զարգացման գործակալությունների, հետազոտական հաստատությունների, ինչպես նաեւ այլ շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում մանրամասն ներկայացվել են Ծրագրի հայտադիմումների ընդունման պահանջները եւ հնարավորությունները, հայտադիմումների ընդունման, Ծրագրի մշակման հիմնական առանձնահատկությունները (ֆինանսավորվող ծրագրերը, գնահատման ընթացակարգերը), ֆինանսական պահանջները, ազգային օրենսդրության հատուկ պահանջները, Ծրագրի էլեկտրոնային համակարգի միջոցով դիմելու կարգը եւ մի շարք այլ թեմաներ:

Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Եվրամիության ծրագրերի համակարգողին» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: