Անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական: Այդ մասին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ունեցած ելույթում:

«Մինչեւ 2016 թվականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչություն եւ հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները:

2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության եւ քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով, ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին հստակ ամրագրվել է 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը: «Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման եւ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ: Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպես եւ անցյալում, խուսափում է այդ պայմանավորվածությունների կատարումից:

Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման եւ նոր լարվածություն թույլ չտալու նպատակով: Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի»,- նկատել է նախագահը:

Նա ասել է, թե պատերազմը խնդրի լուծման միջոց չէ՛: Բանակցություններին այլընտրանք չկա:

«Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- նշել է Սերժ Սարգսյանը: