Կարելի է եւ պետք է ազգային շահերը համադրել առանցքային գործընկերների շահերի հետ: Այդ մասին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ունեցած ելույթում:

«Բառացիորեն երկու շաբաթ առաջ Հայաստանը եւ ԵՄ-ն ավարտեցին նոր շրջանակային փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները, որի դրույթները արտացոլում են մեր հարաբերությունների ծավալն ու մակարդակը: Դրանք թույլ են տալիս ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն միավորումներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները»,- նշել է նա:

Ըստ Սարգսյանի, Հայաստանը զարգացնում է ակտիվ գործընկերային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ՝ տարբեր մակարդակներով: «Վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները ասիական-խաղաղօվկիանոսյան եւ լատինաամերիկյան տարածաշրջանների հետ: Զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնության ձեւաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, ինչը թույլ կտա զանազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրասիական տնտեսական միության այլ երկրների լոգիստիկ հնարավորությունները:

Գտնվելով տարբեր տարածաշրջանների եւ շահերի կիզակետում՝ մեր արտաքին քաղաքականությունը, հիմնվելով հազարամյա պատմության վրա, բխում է այն համոզմունքից, որ կարելի է եւ պետք է ազգային շահերը համադրել առանցքային գործընկերների շահերի հետ՝ խաղաղության, կայունության եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով: Մենք համոզված ենք, որ այս մոտեցումը ըմբռնելի եւ ընդունելի է մեր գործընկերների համար»,- նշել է Սարգսյանը: