Հայաստանը քաղաքական կայունության ցուցանիշով 7-րդ տեղն է զբաղեցնում Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների շարքում: Մարտի 16-ին այս մասին հայտարարեց «Եվրասիական զարգացում» (ECED) փորձագիտական կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի վերլուծական խմբի ղեկավար Ստանիսլավ Պրիտչինը՝ «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների տնտեսությունը. զարգացման արդյունքները եւ հեռանկարները» թեմայով Մոսկվա-Թբիլիսի-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում:

Նրանց կազմած զեկույցի համաձայն՝ այս ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ուզբեկստանը: Ըստ քաղաքական կայունության ցուցանիշների երկրները հետեւյալ հերթագայությունն ունեն՝ Ուզբեկստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Վրաստան, Տաջիկստան, Հայաստան, Ղրղզստան:

Անդրադառնալով Հայաստանի ցուցանիշներին՝ Պրիտչինը նշեց, որ տվյալ դեպքում հաշվի է առնվել ընտրական փուլի մոտ լինելը: «Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Խորհրդարանը սահմանադրական բարեփոխումների շրջանակներում այլ ազդեցություն է ունենալու: Հայաստանն անցնում է այլ քաղաքական կարգի»,- հիշեցրեց ռուսաստանցի փորձագետը՝ հավելելով, որ ընտրությունների արդյունքներից է կախված երկրում քաղաքական ուժերի հետագա փոխդասավորությունը: