«Ոտքի, Հայաստան» շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանին քննչական մարմինները առանց դատավճռի պատիժ են իրականացնում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը:

Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.

«Ոտքի, Հայաստան» շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը արդեն 8 ամիս է գտնվում է կալանքի տակ: Հովհաննիսյանի փաստաբան՝ Հովիկ Արսենյանը ստիպված է 2-րդ անգամ դիմել Վճռաբեկ դատարան, քանի որ 5 ամիս առաջ ներկայացված բողոքի պատասխանը առայժմ չի ստացվել:

«Ոտքի, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվել է դեռեւս 2016թ հուլիսի 29-ին: Նրան անհիմն եւ առանց ոչ մի փաստի, միայն 2 ոստիկանի ցուցմունքի հիման վրա մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը (իբրեւ թե քարեր է նետել ոստիկանների ուղղությումբ):

Նշենք, որ Հուլիսի 29-ի դեպքերից հետո ձերբակալվել էին 8 հոգի, մինչ այսօր 6 հոգու կալանքը որպես խափանման միջոց փոխվել է, բացի Դավիթ Հովհաննիսյանից եւ Անդրիաս Ղուկասյանից, որոնք երկուսն էլ «Ոտքի, Հայաստան» ՔՇ անդամ են:

Հիշեցնենք, որ Դավիթ Հովհաննիսյանը դատարանում պահանջել է, որպեսզի գործին կցվի նաեւ ոստիկանության կողմից նկարահանված տեսանյութերը, որը եւս կհաստատի նրա անմեղությունը, սակայն քննիչը պնդում է, որ դա նախաքննական գաղտնիք է: Արդյոք, եթե Դավիթ Հովհաննիսյանը մեղավոր լիներ, նման պահանջով հանդես կգար դատարանում: Եվ ինչու քննչական մարմինները չեն խոստովանում, որ առանց դատավճռի պատիժ են իրականացնում ոչ մի բանում մեղավոր չհանդիսացող Դավիթ Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ»: