Ճապոնիայում մարտի 17-ին, երկրի պատմության մեջ առաջին անգամ քաղաքացիական պաշտպանության ուսումնավարժանքներ են իրականացվել՝ ԿԺԴՀ կողմից հրթիռային հնարավոր գրոհի հետ կապված, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Միջոցառման նպատակը՝ բնակչության տարհանման իրականացումն է՝ ժամանակի ծայրահեղ սղության պարագայում:

Ըստ սցենարի՝  Ճապոնիայի զինված ուժերն արձանագրել են պայմանական հակառակորդի կողմից հրթիռների արձակումը Օգու հրվանդանի եւ Ակիտա պրեֆեկտուրայի ուղղությամբ: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցվել է կառավարական արտակարգ կապի միջոցով, եւ պրեֆեկտուրայի իշխանություններն օպերատիվ կերպով տարհանել են բնակչությանը, որին կարող էր վտանգ սպառնալ:

Տարհանման մասին հաղորդումները փոխանցվել են բարձրախոսներով եւ ուղարկվել են բնակչության սմարթֆոններին: Ուսումնավարժանքի մասնակիցները շատ արագ լքել են տներն ու թաքնվել շենքերի նկուղներում: