Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնը (Government Communications Headquarters, GCHQ) հայտարարել է, որ չի զբաղվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցների գաղտնալսմամբ վերջինիս նախկին շտաբ գրասենյակում՝ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ժամանակ, հաղորդում է BBC-ն։

 GCHQ-ում բրիտանական գործակալության նկատմամբ այս մեղադրանքը աբսուրդ եւ ծիծաղելի են համարում ու կոչ անում անտեսել այն։ 

«Թրամփ թաուեր»-ում Դոնալդ Թրամփի՝ բրիտանական հետախուզության օգնությամբ հեռախոսազրույցների գաղտնալսման վարկածն առաջ է քաշել նախկին դատավոր Էնդրյու Նապոլիտանոն՝ Fox News հեռուստաալիքի եթերում, որտեղ իրավական վերլուծաբան է աշխատում։ 

GCHQ-ն կտրականապես հերքում է իր մասնակցությունը։  «Մեկնաբան Էնդրյու Նապոլիտանոյի արած վերջին հայտարարություններն այն մասին, որ իբր թե GCHQ-ին հանձնարարություն է տրվել գաղտնալսել նորընտիր նախագահին, աբսուրդ է», - ասվում է բրիտանական գործակալության հայտարարությունում։ «Դրանք բացառապես անհեթեթ են, ու դրանց պետք է անտեսել», - ընդգծել են գերատեսչությունում։