Այն դիրքորոշումը, որ Ազգային ակադեմիան մեզ պետք չէ, իրեն սպառել է, ես չեմ կիսում այդ տեսակետը։ Այս մասին, այսօր, մարտի 17–ին, Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է տեսնում ԳԱԱ ապագան։
«Եթե կիսեի այս մոտեցումը, մենք վաղուց այս ուղղությամբ ինչ–որ քայլեր կանեինք։ Իմ ցանկությունն է, որպեսզի համակարգը օպտիմալացվի։ Այն հաստատությունները, որոնք կան, ներողություն բառիս համար, թղթի վրա, իրական պետք է լինեն։ Ես կարծում եմ, որ այնտեղ, ուր ուղղակի քիչ քանակությամբ մարդիկ են հավաքվել, եւ արդյունք չկա, այդ մասը պետք է օպտիմալացնել, եւ ուժեղացնել այն հատվածները, որոնք աշխատում են, եւ որոնք մեր երկրին պատիվ են բերում եւ զարգացնում են գիտությունը Հայաստանում։ Որեւէ այլ մոտեցում այս հարցում մեր կողմից չի եղել եւ չկա», – ասաց Սերժ Սարգսյանը, հավելելով, որ օպտիմալացման հարցում ԳԱԱ–ն պետք է նախաձեռնող լինի։
«Ընդհանուր առմամբ, այլ ճանապարհ ես չեմ տեսնում։ Այո, սերտ կապ պետք է լինի Ազգային ակադեմիայի եւ ուսումնական հաստատությունների միջեւ, իհարկե համալսարանական գիտությունն էլ պետք է զարգանա։ Բայց դրանք իրարից տարանջատելը, իմ կարծիքով, սխալ է, եւ ասել, որ Ակադեմիան իր առաքելությունը ավարտել է, այդպիսի մոտեցումը ես չեմ ընդունում», – ասաց նա։
Ինչ վերաբերում է ինստիտուտների տեխնիկական արդիականացմանը, եւ այդ հարցում Կառավարության աջակցությանը, ապա նախագահը նշեց, որ այսօր հնարավորություն չկա մեծ թվով գիտահետազոտական ինստիտուտներ առօրեականացնել։
«Բայց որքանով տեղյակ եմ, այն ֆինանսավորումը, որ տրվում է, էնտեղ հաշվի է առնվում նաեւ սարքավորումների ձեռք բերման գումարը։ Եթե խոսքը լրացուցիչ գումարներ հատկացնելու մասին է, ապա կոնկրետ ծրագիր պետք է լինի», – ասաց նա, հավելելով, որ եթե այդպիսի ծրագիր ներկայացվի, կառավարությունը «հաճույքով կնայի»։
«Նույնը կանենք, ինչ որ արել ենք Երեւանի պետական համալսարանի համար, ուղղակի առաջարկություն է պետք ու նաեւ խոստում, թի ինչ արդյունք ենք ունենալու», – ասաց նա:



























