Մարտին նավթի համաշխարհային գները զգալիորեն նվազեցին: Նավթի Brent տեսակի մարտի ֆյուչերսները, որոնք մինչ այդ գերազանցում էին մեկ բարելը 55 դոլարը (հունվարին՝ 55.68 դոլար, փետրվարին՝ 55.56), ներկայում մոտենում են 50 դոլարի շեմին: Հիշեցնենք, որ Brent տեսակի նավթը համաշխարհային բարձրակարգ երեք տեսակներից մեկն է, որով որոշում են նավթի մի շարք այլ տեսակների գները (այդ թվում՝ ռուսական արտահանվող Urals-ը):

Նավթի հումքի հետ կապված խնդիրն այն է, որ գլոբալ ծավալով դրա պահանջարկը չի փոփոխվում՝ կախված գնից: Այս հանգամանքը ժամանակին նավթ արդյունահանող երկրներին թույլ է տվել նավթը որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործել: Մասնավորապես, 1973 թվականին՝ արաբա-իսրայելական հերթական պատերազմից հետո, նավթ արդյունահանող արաբական երկրները երեք անգամ բարձրացրեցին նավթի գները: Այն ժամանակ գները հանգեցրեցին շուկայում ծանր ճգնաժամի:

Ի դեպ՝ այդ ճգնաժամի հետեւանքներից մեկն էլ եղավ ավտոմոբիլային շարժիչների հաջող մշակումը, որը ռեկորդային ցածր քանակությամբ բենզին են օգտագործում: Սակայն դա նաեւ հակառակ արդյունքի հանգեցրել՝ համաշխարհային ավտոպարկի աճի: Ի դեպ՝ այս գործոնի ազդեցությունից չխուսափեց նաեւ մեր երկիրը: Բայց մեզ մոտ, ինչպես հայտնի է, բազմաթիվ վարորդներ նախապատվությունը տալիս են գազին:

Մեկ այլ՝ արդեն որակյալ տեղաշարժը կապված է էլեկտրական մեքենաների արտադրության եւ շահագործման աճի հետ: Բայց շուկայից ներքին այրմամբ շարժիչների վերջնական դուրս մղման համար տասնամյակներ կպահանջվեն: Կանխատեսումներից մեկի համաձայն՝ էլեկտրական մեքենաները կգերակշռեն 2025 թվականին, իսկ ներքին այրմամբ շարժիչներով մեքենաներից հնարավոր կլինի հրաժարվել միայն ոչ մոտ հեռանկարում՝ մինչեւ 2050 թվականը:

Նավթի ապագա գների մասին, ինչպես միշտ, հակասական կանխատեսումներ են արվում: Որոշ փորձագետներ պնդում են, որ շուտով նավթի համաշխարհային գները նույնիսկ մեկ բարելը 10 դոլարի կհասնեն, մյուսներն էլ համոզված են, որ կբարձրանան՝ հասնելով 80 դոլարի:

Մեր երկրի համար Ռուսաստանից մասնավոր դրամական փոխանցումների տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի նաեւ այդ երկրում դոլարի փոխարժեքը: Շատերը ռուբլու անկումը կապում են նավթի գների հետ: Սակայն նաեւ այլ կարծիք կա, որ ռուբլու թուլացումը կապված է Ռուսաստանի տնտեսության համակարգային ճգնաժամի հետ, եւ նավթի գների անկումը միայն արագացրել է այդ գործընթացը: Այդ պատճառով ռուբլու փոխարժեքի վերականգնում նախկին մակարդակով առաջիկայում անիրական է:

 

Սմբատ Գրիգորյան