Չինաստանն իր զինված ուժերի թվաքանակի կրճատման շրջանակներում Ժողովրդաազատագրական բանակի հրաձգային կորպուսը 200 հազար մարդով կրճատում է: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Չինաստանի նախագահը նախկինում հայտարարել էր, որ մինչեւ 2017 թվականի վերջը իր զինուժի թվաքանակից 300 հազար մարդու կկրճատի ոչ ռազմական կազմից: Չնայած դրան Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը շարունակում է մնալ աշխարհում խոշորագույն բանակը՝ 2 մլն մարդ թվաքանակով:

Պարբերականի աղբյուրների տեղեկացմամբ՝ կրճատումը տեղի կունենա նախկինում Սի Ձինպինի հայտարարած ծրագրի շրջանակներում: Հաղորդվում է, որ 18 բանակային կորպուսից 5-ը կկազմալուծվի, սակայն հնարավոր է, որ անձնակազմի մի մասն ուղարկվի ծառայելու հրթիռային զորքերում, ռազմածովային ուժերում կամ ռազմաօդային ուժերում:

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ շարունակվող կրճատումը զինուժի շարքերում լուրջ դժգոհություն է առաջացրել: