Հայաստանը պարտավոր է հարեւանների հետ հարաբերությունները կարգավորել, բայց չմոռանալ, թե ովքեր են մեր հարեւանները: Մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, պատգամավորի թեկնածու Տաճատ Սարգսյանը:

«Ինձ ընդհանրապես զարմացնում են ռուսական բազան վերացնելու վերաբերյալ հայտարարությունները: Այսպիսի հայտարարությունների հեղինակները մոռանում են, որ մեր կողքին են ՆԱՏՕ-ի հզորագույն երկիրը եւ Ադրբեջանը: Անհրաժեշտ է տարածաշրջանում հարաբերությունները կարգավորել, որ տնտեսությունը զարգանա»,- նշեց Տաճատ Սարգսյանը:  

Նա ընդգծեց, որ Հայաստանը պատերազմական վիճակում է, ուստի պետք է պաշտպանական արդյունաբերությունը զարգանա. «Իսկ դրա համար պետք է գիտությունը զարգանա: Մենք կարող ենք եւ պետք է զարգացնենք գիտությունը»: Այս ենթատեքստում նա նշեց ԵՏՄ-ին անդամակցության կարեւորությունը, առավել եւս, որ հետխորհրդային երկրները ԽՍՀՄ կազմում համատեղ աշխատելու փորձ ունեն: