Մեր նպատակն այն է, որ հայ արտադրողը կարողանա հավասար պայմաններով եւ անարգել իր արտադրանքը ներկայացնել ԱՊՀ անդամ բոլոր երկրներում: Այս մասին, Քիշնեւում ընթացող ԵՏՄ եւ ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստի ժամանակ նշել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Քիշնեւում Ա. Շաբոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՏՄ եւ ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը:

Մինչ մասնակից երկրների տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրներին անդրադառնալը, ներկայացվել են նախորդ ամիսների կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ նախանշվել են առաջիկա ծրագրերը: Մատակարարների եւ առեւտրային ցանցերի շահերն այսուհետ կլինեն առավել պաշտպանված. ՏՄՊՊՀ մշակած կոդեքսն ընդունվեց միաձայն ԵՏՄ եւ ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների նիստում կարեւորվել է Հանձնաժողովի նախաձեռնությամբ սկիզբ դրված եւ այսօր արդեն զգալի հաջողությամբ իրականացվող ՌԴ առեւտրային ցանցերի եւ հայ արտադրողների համագործակցության խնդիրը:

Բոլոր երկրների կողմից միաձայն ընդունվել է ՏՄՊՊՀ-ի կողմից մշակված ԵՏՄ անդամ-պետություններում առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ բարեխիղճ առեւտրային փոխհարաբերությունների մասին կանոնագիրքը:

«Մեր նպատակն այն է, որ հայ արտադրողը կարողանա հավասար պայմաններով եւ անարգել իր արտադրանքը ներկայացնել ԱՊՀ անդամ բոլոր երկրներում: Իսկապես մեծ ձեռքբերում եմ համարում եւ գոհունակությամբ եմ նշում, որ մեր հետեւողական աշխատանքի եւ համագործակցության արդյունքում այսօր արդեն մեր սեղանին է կանոնագիրքը, որն այսուհետ մատակարար-առեւտրային ցանց փոխհարաբերությունը կդնի առավել բարեկիրթ եւ ինչը շատ կարեւոր է՝ իրավական հիմքի վրա: ԵԱՏՄ անդամ երկրների խոշոր առեւտրային ցանցերի եւ հայ արտադրողների միջեւ սկիզբ դրված եւ այսօր արդեն հաջողությամբ զարգացող եւ ընդլայնվող համագործակցության պարագայում նման կանոնագրքի կիրառումն առավել քան կարեւորվում է»:

Ա. Շաբոյանը ընդգծել է նաեւ, որ հայ արտադրողները հավասար պայմաններով մրցակցում են ԵՏՄ անդամ երկրներում եւ ուրախալի է, որ մեր արտադրանքը կաթնամթերքի, խմիչքների, ծխախոտի, հյութերի, դեղագործության եւ տասնյակ այլ ոլորտներում մրցունակ ու պահանջարկված է նաեւ արտերկրում: ՀՀ-ում պարտադիր լիցենզավորման ենթակա մի շարք ոլորտների տնտեսվարողներ հայտնվել են անհավասար պայմաններում ՏՄՊՊՀ նախագահը մասնակից երկրների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է նաեւ պարտադիր լիցենզավորման ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների շահերի պաշտպանությանը:

«Մեզ բողոքով դիմել են նաեւ ոչ տեղական հեռուստաալիքների վերահեռարձակմամբ, ինչպես նաեւ շահումով խաղեր կազմակերպող մի քանի ընկերություններ՝ տեղեկացնելով, որ օրենքի դաշտում աշխատելու համար իրենք պարտադիր կերպով լիցենզավորվում են, բավականին մեծ չափերի հասնող պետտուրք են վճարում, սակայն վերջերս հայտնվել են մրցակիցներ, որոնք, շրջանցելով օրենքը, ինտերնետ տեխնոլոգիաների միջոցով կարողանում են օնլայն մատուցել նույն ծառայությունները: Ստացվում է, որ վերջիններս աշխատելով հարկային դաշտից դուրս, մրցակցային առավելություն են ստանում իրենց գործընկերների հանդեպ»:

Ներկայացնելով խնդիրը, Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՀՀ մրցակցային մարմինը ակտիվորեն համագործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող առաջատար ընկերությունների հետ՝ հնարավոր լուծման տարբերակներ գտնելու եւ նման անբարեխիղճ ճանապարհով գործող տնտեսվարողների կողմից ստեղծված կայքերը արգելափակելու ուղղությամբ: Ըստ Ա. Շաբոյանի, ԱՊՀ եւ ԵՏՄ անդամ բոլոր երկրները պետք է համատեղ ջանքերով հասնեն նման խնդիրների լուծմանը, քանի որ անընդհատ զարգացող ինտերնետ տեխնոլոգիաների պարագայում բարձրացված խնդիրները արդիական են բոլոր երկրներում: