Անհրաժեշտ է, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունները պահպանեն իրենց մշակույթը եւ լեզուն, բայց անհրաժեշտ է մասնակցել երկրի տնտեսությանը, մշակութային կյանքին, եւ անհրաժեշտ է իմանալ պետական լեզուն նույնպես: Այս մասին Jnews-ին տված հարցազրույցում նշել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի Յան Քելլին, ով օրերս այցելել է Ջավախք:

«Ռուսերենը մեծ լեզու է, սակայն իմ կարծիքով շատ կարեւոր է, որ Վրաստանի քաղաքացիները ոչ միայն Ջավախքի բնակիչները, այլեւ հատկապես բոլոր երիտասարդները սովորեն անգլերեն: Դա պայմանավորված չէ նրանով, որ ես իմ երկրի հայրենասերն եմ, սակայն անգլերեն լեզուն տնտեսության լեզուն է 21-րդ դարում»,-ասաց նա՝ հավելելով, որ ինչ-որ չափով Ջավախքի հայերի ինտեգրմանը խանգարում է հենց ռուսերենը:

«Ես նկատում եմ, որ Թբիլիսիում 30 տարեկանից ցածր մարդիկ չեն խոսում ռուսերեն, այլ՝ անգլերեն: Եվ ժամանակի ընթացքում, ռուսերենը կկորցնի իր կարեւորությունը: Բայց կրկնում եմ, ես սիրում եմ ռուսաց լեզուն, ես սիրում եմ ռուս գրականությունը»,-ընդգծեց դեսպանը:

Հարցին, թե ինչ նախագծեր են նախատեսվում իրականացնել Ջավախքում, Յան Քելլին արձագանքեց. «Կա երկու ուղղություն: Առաջին ուղղությունը դա գյուղատնտեսական արտադրողականության բարելավումն է: Կարծում եմ, որ դա ամենից կարեւորն է, քանի որ տարածաշրջանային տնտեսության մեծ մասը դա գյուղատնտեսությունն է, մասնավորապես USAID-ը իրականացնում է այդպիսի ծրագրեր: Երկրորդ ուղղությունը, դա ներդրումներն են: Այստեղ կա օտարերկրյա ներդրողների համար մեծ ներուժ: Ես շատ բան չգիտեմ այս տարածաշրջանի մասին, բայց ընդհանուր առմամբ մենք ուզում ենք ներգրավել ավելի շատ ներդրողների: Ես շատ կցանկանայի բացել բանակցությունները` Միացյալ Նահանգների հետ ազատ առեւտրի համաձայնագրի մասին: Վրաստանն ունի այդպիսի համաձայնագիր Եվրոպայի եւ Չինաստանի հետ: Ուզում եմ, որ նման համաձայնագիր լինի նաեւ Միացյալ Նահանգների հետ»: