Ներքին անձնագրերով Հայաստան է այցելել մի քանի հազար ռուսաստանցի: Մարտի 22-ին Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Թոխանյանը:

Դիվանագետի խոսքով՝ դեռեւս վաղ է խոսել վիճակագրական տվյալների մասին՝ հաշվի առնելով, որ համապատասխան համաձայնագիրը կարճ ժամանակ առաջ է ստորագրվել: Դրանից զատ, տուրիստական սեզոնը դեռ չի սկսվել:

Տուրիզմի թեման զարգացնելով՝ դեսպանը նշեց, որ Հայաստանն առաջին հերթին պետք է աշխատի հանրապետության գրավչության ուղղությամբ եւ տուրիստական երթուղիներ մշակի: Որպես առաջին կետ նա նշեց լեռնադահուկային սպորտը զարգացնելու համար երկրում առկա հնարավորությունները, ռուսական քաղաքներին մերձությունը, պատմական վայրերը, անձնական կապերը եւ հարաբերությունները:

«Անհրաժեշտ է Հայաստանի գրավչության ինչ-որ փաթեթ ստեղծել: Որոշ երկրներ ծով են առաջարկում, մյուսները՝ շոփինգ, երրորդները՝ պատմական հուշարձաններ»,- նշեց դեսպանը:

Նրա խոսքով՝ հակառակ ուղղությամբ եւս հոսք կա: Բայց, ըստ վիճակագրության, ընդհանուր առմամբ Հայաստանից Ռուսաստան են գնում աշխատելու: