Գերմանիայի իշխանությունները սկսել են ավելի հաճախ մերժել Թուրքիային զենքի վաճառքի գործարքները: 2016 թվականի նոյեմբերից ի վեր կառավարությունը հրազենի եւ ռազմամթերքի, նաեւ սպառազինության տարբեր տեսակների առանձին մասերի վաճառքի 11 գործարքների կատարման թույլտվություն չի տվել: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung-ը:
Աջ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Ան վան Աքենի հարցմանը էկոնոմիկայի նախարարության պատասխանից հետեւում է, որ Գերմանիայի կառավարությունը Թուրքիայում ռազմական հեղաշրջման հուլիսյան փորձից եւ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ գործողություններից հետո սկսել է ավելի զգուշավոր վերաբերվել Թուրքիային սպառազինության վաճառքին, չնայած ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակցային կարգավիճակին:
«Սպառազինության արտահանմանը վերաբերող որոշումներում մշտապես հատուկ նշանակություն ունի մարդու իրավունքներին ուշադրություն դարձնելը»,- նշված է պատգամավորի հարցմանը պաշտոնական պատասխանում:
2016 թվականի հուլիսից հետո Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի հետ համապատսխան գործարքների կատարմանը հավանություն է տվել միայն «արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության վերաբերյալ ստուգումից հետո»:
Նշված է, որ սովորական ժամանակահատվածում Գերմանիայի կառավարությունը չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին զենք վաճառելուն, բայց Թուրքիայի դեպքում հատուկ ուշադրություն է դարձնում «այն վտանգին, որ կկիրառվի ներքին բռնաճնշումների կամ քրդերի հետ հակամարտության ենթատեքստում»:


























