Այսպես կոչված, «միջազգային կոալիցիայի» ավիացիան խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ նոր հանցագործություն է իրագործել Ռաքայի արեւմուտքում՝ Ալ Մանսուր քաղաքում: Այս մասին հայտնում է ՍԱՆԱ սիրիական պետական տեղեկատվական գործակալությունը:

«Կոալիցիայի» օդանավերը ավիահարվածներ են հասցրել  Ալ Մանսուր քաղաքի հարավում գտնվող «Ալ Բադիա Ադ Դահիլիա» դպրոցի վրա, որի հետեւանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվել եւ վիրավորվել, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Դպրոցի շենքն ամբողջությամբ ոչնչացվել է:

Հարկ է նշել, որ դպրոցում ժամանակավորապես բնակվում էր Հալեպից, Ռաքայից եւ Թադմորից հարկադիր վերաբնակեցված 50 ընտանիք:

Այսպես կոչված, «միջազգային կոալիցիայի» ավիացիան, որն ապօրինի է գործում՝ առանց ՄԱԿ ԱԽ-ի աջակցության եւ Սիրիայի օրինական կառավարության հետ համակարգման, առաջին անգամ չէ, որ չարագործություն է իրականացնում Սիրիայի խաղաղ բնակչության դեմ: Նախկինում այս կոալիցիայի ավիահարվածներն արդեն հարյուրավոր խաղաղ սիրիացիների են սպանել Հալեպի, Դեր Զորի եւ Ռաքայի գավառներում: