Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի եղբոր մարմինը մինչեւ հիմա Կուալա Լումպուրում է: Ո՛չ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները, ո՛չ Կիմի ընտանիքի անդամները մարմինը վերցնելու ցանկություն չեն հայտնել: Այս մասին հաղորդել է Մալայզիայի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սատասիվամը, փոխանցում է BBC-ն:
Նախկինում Հյուսիսային Կորեան Կիմի մարմինը պահանջում էր մինչեւ դիահերձումը, սակայն Մալայզիայի իշխանությունները մերժել էին: Այդ ժամանակից ի վեր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները դիակով չեն հետաքրքրվել:
«Մարմինը դեռեւս Կուալա Լումպուրի դիահերձարանում է: Լուրեր են տարածվել, թե այն դիակիզվել է, բայց մենք դա առանց շահագրգիռ կողմի համաձայնության կամ ցուցումի չէինք անի»,- ասել է նախարարը:
Մակաուում ապրող Կիմ Չեն Նամի կինը եւ երեխաները սպանությունից հետո անհետացել են: Ենթադրվում է, որ նրանք թաքնվել են՝ վախենալով, որ մարդասպանի հաջորդ թիրախը կարող է լինել հանգուցյալի որդին:
Կիմ Չեն Նամը սպանվել է փետրվարի 13-ին՝ VX նյարդակաթվածահարող թույնի մեծ չափաքանակի օգնությամբ, որը մտնում է ռազմական թունավոր նյութերի կարգի մեջ, որի օգտագործումն ամբողջ աշխարհում արգելված է:
Մալայզիայի իշխանությունները Կիմ Չեն Նամի սպանությանը մասնակցելու մեջ կասկածում են 10 մարդու, այդ թվում՝ Կուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դեսպանատան բարձրաստիճան աշխատակցի: Հարավային Կորեայում կարծում են, որ կասկածյալներից առնվազն չորսը հյուսիսկորեական լրտեսներ են:




























