Քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը արցախյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունների հույսեր չի փայփայում, քանի որ այդ ուղղությամբ Ադրբեջանը ոչ մի քաղաքական կամք չի դրսեւորում։
Մարտի 29-ին «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց» խորագրով կլոր սեղանի ընթացքում նա նշել է, որ Ադրբեջանի համար հաջողություն չի համարում ապրիլյան պատերազմի ընթացքում 800 հա տարածքի գրավումը, քանի որ նրա նպատակն էր ճեղքել պաշտպանական գծերը եւ շարժվել դեպի Արցախի խորքը։
«Արդեն երրորդ օրը նախաձեռնությունն ու իրադրության վերահսկողությունը հայկական զինուժի ձեռքում էին։ Եւ պետք չէ մոռանալ, որ զինադադար է խնդրել ադրբեջանական կողմը», - նշել է նա։
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգին՝ քաղաքագետի խոսքով՝ այն բավականին բարձր է։ Բարձր է նաեւ զանգվածային ոչնչացման զենքի գործածման հավանականությունը, ինչպես նաեւ այն, որ որպես թիրախ կօգտագործվի քաղաքացիական բնակչությունը։ Ըստ Արա Պապյանի՝ մյուս կողմից, ծանր սպառազինություն, ինչպես Իսկանդերը, գործի դնելու մասին հայտարարություններ են հնչում նաեւ հայկական իշխանությունների կողմից։
«Եթե Ադրբեջանի նպատակը հայերի նկատմամբ վերահսկողությունն է, Ադրբեջանի սահմաններում ինքնորոշումը, ապա ես ոչ մի հույս չեմ տեսնում։ Եթե իրադրությանը նայենք հայկական կողմից, ապա հայկական կողմը հայտարարում է որոշ տարածքներ հայտնելու պատրաստակամության մասին։ Սակայն Ադրբեջանի կողմից միանշանակ պատրաստակամություն չկա», - ասել է Արա Պապյանը։




























