Արցախյան գործընթացն անընդհատ եւ անկայուն գործընթաց է։ Եւ պետք է արձանագրել, որ հարցն այն չէ, թե արդյոք հակամարտությունը կվերսկսվի, այլ այն, թե երբ այն կվերսկսվի։ Այս մասին մարտի 29-ին «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
Ըստ նրա՝ տվյալ հակամարտությունում դրույքները շատ բարձր են, քանի որ այն գտնվում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի շահերի տիրույթում, այլ ավելի բարձր։ Տարածաշրջանի ծայրամասի այս հակամարտությունը կարող է հանգեցնել նրան, որ դրանում ներգրավվեն տարածաշրջանի ավելի խոշոր խաղացողներ՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։
Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների այն քաղաքականությունը, որ տարածքները բանակցությունների ընթացքում հաղթաթուղթ կարող են լինել, արժանահավատ է։ Եւ դա, ըստ նրա, քաղաքական սթափության ու համարձակության դրսեւորում է։ Սակայն քաղաքական կամքի հարաբերակցությունը ռազմական իրողությունների հետ տվյալ տարածաշրջանում հետեւյալն է՝ կողմերը շատ մոտ են տեղակայված միմյանց՝ սպառազինությունը, մասնավորապես՝ ծանր հրետանին դիրքերից չի հեռացվել, համաձայն վերջին տեղեկությունների, կողմերն իրենց զինանոցը թարմացրել են Ռուսաստանից ու Իսրայելից գնված նոր սպառազինությամբ։ Ուստի, պետք է արձանագրել, որ այստեղ հարցն այն չէ, թե կվերսկսվի արդյոք ռազմական հակամարտությունը, այլ այն, թե երբ կվերսկսվի։
Ռիչարդ Կիրակոսյանը հավելել է, որ կողմերից ոչ մեկը չի հասել բանակցային հոգնածության մակարդակի, այսինքն՝ իրեն չի սպառել բանակցություններում։




























