ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, հնարավոր է, փորձում է արցախյան հիմնահարցում առաջատարություն ներդնել եւ այն տալ Ռուսաստանին։ Այս մասին մարտի 29-ին «Ապրիլյան պատերազմից մեկ տարի» անց խորագրով կլոր սեղանի շուրջ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդի այցին ու նրա հայտարարություններին։

«Տվյալ պահին ես մի փոքր մտահոգված եմ այն հարցով, որ ԱՄՆ-ը առհասարակ չի ցանկանում այստեղ քաղաքականություն իրականացնել, ինչը վակուում է առաջացնում, որը կարող է լցնել միայն Ռուսաստանը», - նշել է նա։

Փորձագետի խոսքով՝ այդ գործընթացում ոչ մի գաղտնի օրակարգ, երկրորդ իմաստ չկա։ Առկա է միայն փաստի արձանագրում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերաթողարկել՝ հնարավոր է թափանցիկության, հնարավոր է նաեւ գործառույթների տեսանկյունից։ Պետք է եւս մեկ անգամ ցույց տալ փոխզիջումների ձեռնտու լինելը եւ ցույց տալ, թե դա ինչպես կարող է խնդրի լուծման հանգեցնել։

«Բայց մարտահրավերն այն է, որ առանց խաղաղության գործընկերոջ, առանց Բաքվում իրադրության բարելավման, եթե հասարակությունում ճնշումները պահպանվեն, փոխզիջման հարցը եւս ճնշման կենթարկվի։ Հետեւաբար, մենք պետք է ատելությանն ու պատերազմին մարտահրավեր նետենք։ Եւ ժամանակն է հասկանալ, որ միակ լուծումը փոխադարձ զիջումներն ու փոխհամաձայնությունն է», - ասել է Ռիչարդ Կիրակոսյանը։