Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահագործման է հանձնվել 20,7 տոկոս ավելի բնակելի տարածք:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա հունվար սեպտեմբեր ամիսներին շահագործման է հանձնվել 283,9 հազար քառակուսի մետր բնակելի տարածք, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 48,7 հազար քառակուսի մետրով: Ընդ որում, այդ ցուցանիշի կառուցվածքում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կարելի է բնութագրել որպես դրական եւ որակական:

Գաղտնիք չէ, որ բնակչության միջոցների հաշվին իրականացվող բնակարանային շինարարությունը, հատկապես, հանրապետության մայրաքաղաքում, մեղմ ասած, ոչ ռացիոնալ բնույթ ուներ: Ամեն տարի հարյուր միլիարդավոր դրամներ էին ծախսվում հսկայական առանձնատների կառուցման վրա. նորահարուստները, մեկը մյուսից օրինակ վերցնելով, փորձում էին ցնցել դիմացինի երեւակայությունը նոր լյուդովիկոսյան ոճի պալատներով: Այժմ, կարծես թե, վիճակը կայունանում է:

Անցած տարվա համեմատ, այս տարվա սեպտեմբեր հունվար ամիսներին բնակչության միջոցների հաշվին շահագործման հանձնված բնակտարածքը կրճատվել է գրեթե կրկնակի` 42,7 տոկոս:

Մայրաքաղում միջոցներ ունեցող բնակչությունն արդեն ապահովված է բնակելի տարածքով եւ հաշվետու ժամանակահատվածում Երեւանում շահագործման հանձնված բնակտարածքը կրճատվել է 48,9 տոկոսով:

Զգալի հաջողություններ կան պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանաշինությունում: Այս տարվա առաջին ինն ամիսներին պետությունը շահագործման է հանձնել 110,9 հազար քառակուսի մետր բնակտարածք, կամ 30,6 անգամ ավելի, քան անցած տարվա նույն ամիսներին: Բնակարանները նախատեսված են կարիքավորների համար: Պատահական չէ, որ դրանց մեծ մասը կառուցվել է 1988թ. երկրաշարժից տուժած մարզերում: Շիրակին բաժին է հասնում իրականացված բնակարանային շինարարության 68,1 տոկոսը, Լոռիին` 24,7 տոկոսը, մայրաքաղաքին` միայն 1,6 տոկոսը:

Արդյունքում պետության մասնաբաժինը երկրում իրականացված ընդհանուր բնակարանաշինությունում հաշվետու ժամանակահատվածում աճել է 37,5 տոկոս եւ կազմել է 39,1 տոկոս: Նախկինում գերիշխող էր բնակչության միջոցներով իրականացվող բնակարանաշինարարությունը: