Արցախի ներկայիս տարածքը սակարկման ենթակա չէ, այն Արցախի, Արցախի ժողովրդի եւ համայն հայության անվտանգության կարեւորագույն գրավականն է: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:
Նա հիշեցրել է արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց կուսակցության մոտեցումները՝ նշելով.
«1. Արցախի ժողովուրդն արդեն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը եւ բոլորիս նպատակը պետք է լինի այդ իրականացված ակտի միջազգային ճանաչումը:
2. Արցախի տարածքների ավելացումը հետեւանք է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի: Ագրեսորին պատժելու եղանակներից մեկը նրան տարածքներից զրկելն է, ինչն էլ մենք արել ենք 1991-94թթ. պատերազմի ժամանակ: Արցախի ներկայիս տարածքը սակարկման ենթակա չէ, այն Արցախի, Արցախի ժողովրդի եւ համայն հայության անվտանգության կարեւորագույն գրավականն է:
3. Որեւէ միջազգային կամ օտարերկրյա ռազմական ուժ չի կարող հանդես գալ որպես Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիք: Անվտանգության իրական երաշխիք կարող է լինել միայն Արցախի պաշտպանության բանակը` ՀՀ զինված ուժերի հետ իր հարաբերությունների ամբողջությամբ:
4. Միջազգային հանրության որեւէ խոստում կամ գրավոր երաշխիք չի կարող խաղաղության ապահովման գործիք լինել: Այսօրվա դրությամբ խաղաղությունը հնարավոր է միայն հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռության շնորհիվ:
5. Հանուն խաղաղության կամ կարգավիճակի տարածքային եւ այլ զիջումները բերելու են ավելի լայնածավալ պատերազմի եւ ավելի շատ զոհերի»:




























